
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևը, որն ըստ համացանցի հրապարակումների, լրագրող ներկայացող, նախկինում խարդախության համար դատված, Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից Թերեզա Ասատրյանի դուստրն է, ֆեյսբուքում տեսաուղերձ է հրապարակել եւ հայտնել, որ Թերեզա Ասատրյանը կալանավորվել է: Նա պատմում է, որ Ասատրյանը մի շարք հիվանդություններ ունի, անգամ` գլխուղեղի քաղցկեղ, ինչի նպատակով պարտքով գումար է վերցրել, մաս-մաս վճարել եւ հավանաբար հենց դա է եղել քրեական գործի հիմքում:
Թերեզա Ասատրյանը նախկինում դատվել է խարդախության համար՝ լրագրողական գործունեության ընթացքում կատարած մեքենայությունների համար եւ 2018-ին մեծ ոգեւորությամբ ողջունել Փաշինյանի՝ իշխանության գալը։ Նա 8 տարի շարունակ Փաշինյանի եւ ՔՊ-ի ջերմ երկրպագությամբ է զբաղվել, չնայած հայտարարում է, որ կռվել է Արցախի համար, սակայն Արցախը հանձնած իշխանություններին շատ է սիրում։ Նիկոլ Փաշինյանի բոլոր ստատուսների տակ նա գրառումներ է անում, փառաբանում նրան։ Ակտիվորեն մասնակցում իշխանական բոլոր միջոցառումներին, հատկապես Փաշինյանի շրջիկ «պատարագներին», որոնց ժամանակ, որպես կանոն, հարձակվում է լրագրողների վրա, սադրում ու կոպտում նրանց: Ըստ ամենայնի, նա համարել է, որ իշխանության միջոցառումներին մասնակցելը եւ Փաշինյանի հասցեին դիֆերամբներ ձոնելը պաշտպանական զրահ է՝ օրենքը խախտելու համար։
Ի դեպ, Փաշինյանին աջակցողների մեջ քիչ չեն նման մարդիկ, որոնք օրենքի հետ լուրջ խնդիրներ ունեն։ Եւ անգամ իշխանության մեջ գտնվող, պաշտոններ զբաղեցնող մեծ թվով մարդիկ կան, որոնք նրա կազմակերպած ակցիաներին, մասնավորապես՝ եկեղեցու դեմ արշավին ակտիվորեն մասնակցում են, իրենց արարքների համար ինդուլգենցիա ստանալու նպատակով։


