▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա իմ միակ որդին է, ուզում եմ տեսնել նրա հարսանիքը». Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը ձեռագիր նամակ է ուղարկել կնոջը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ ստացել է ամուսնուց ձեռագիր նամակ։

Euromedia 24-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում Լինդան նշել է, որ այս նամակը  երկար սպասված էր այն ժամանակվանից, երբ Կարմիր խաչը լքեց Ադրբեջանը, չնայած նրան, որ հեռախոսով կապ էին հաստատում:

Լինդան պատմել է, որ նամակում Վիգեն Էուլջեքչյանը որդուն խնդրել է հետաձգել իր հարսանիքը. նա ուզում է այդ պահին իր կողքին լինել՝ նրանց իր երախտագիտությունը հայտնելու համար:  «Սա իմ միակ որդին է. ես ուզում եմ տեսնել նրա հարսանիքը», – պատմել է Լինդան:

Լինդան հուզմունքով նշել է, որ դժվար է բառերով նկարագրել իր զգացմունքները. «Ես ստիպեցի աղջկաս այն 10 անգամ կարդալ, քանի որ ես հայերեն չգիտեմ։ Մենք բոլորս հուզվեցինք այս նամակից», – ընդգծել է նա:
Նրա խոսքով, Վիգեն Էուլջեքչյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է: Սակայն, թեև նամակը որոշակի հույս է ներշնչում,  լուրջ մտահոգություններ կան կապված նրա երկարատև կալանքի հետ:
Լինդան նշել է, որ Կարմիր խաչի աշխատակիցների տեղեկություններով, Վիգենի համար բժիշկ են բերել, որ մեջքի ցավի պատճառով նա չի կարողանում քայլել. դեղորայքը կօգնի նրան:
Լինդան հավելել է. «Մեծ պատիվ է տեսնել բազմաթիվ կազմակերպությունների աշխատանքը բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ մարդիկ հիշում են մեր բանտարկյալներին իրենց աղոթքներում. սա մեզ հույս է տալիս»:

Հիշեցնենք, որ 46-ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին:

Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

2023 թվականի դեկտեմբերին, հայ գերիների ազատ արձակման ժամանակ, Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին:

Հեղինակ՝ Մանե Գևորգյան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին