▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ենք, մեր Թաթուլը...

***

Լրագրող Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ենք, մեր Թաթուլը

Թաթուլի Սրտի Բանալին իմ սիրած երգերից ա, ինչպես իմ սիրած երգերից ա Sinnerman-ը, Country road, Գլախոյի շարքերը, ռուսական ռոքը, ամերիկյան ջազը, քենթաքի բլյուզը, հունական ռեմբետիկոն եւ այլն: Արեւմտյան երկրները զարգացան երբ վերածնունդը բացահայտեց որ մարդը բազմաչափ ա: Նմանապես հասարակությունն էլ ա բազմաչափ ու բազմագույն: Բազմաչափ նշանակում ա որ կարա կոռուպցիոներ լինի, լավ էսթետիկ ճաշակով, Թաթուլ լսի, ջազ ու ռոք սիրի, վայելի Լոռին ու Տոսկանան, Երեւանն ու Հռոմը միաժամանակ: Սիրի խաշ ու չիզքեյք, լսի Նիկոլին ու Քիսինջերին: Մարդ կարա քյարթ լինի բայց կյանքը տա իրան չսիրողների համար` առանց իմանալու որ ինքը քյարթ էր: Կարա բռի չոբան լինի, բայց միսը լավ բաստուրմա դնի, տառաճանաչ չլինի բայց պարկեշտության ու հեզության դասեր դա:

Թաթուլը վաղուց մշակութային արժեք ա, ինչպես Մեսչյանը, Թաթան, Հախվերդյանը եւ այլք: Ինքը մեզնից մեկն ա, մեր կողակիցների սիրելին, մեր հարեւանների կուռքը: Մշակույթի արժեքը «բարձր» լինելը չի, այլ ներառական, հանդուրժող, իրար ճանաչող, իրար չմերժող, դրանում ա բարձրությունը:

Այլ խնդիր որ ռաբիզը դարձել ա ամեն վատի խորհրդանիշ` զոռբայության, միաբջիջության, կեղեքիչների, յաշիկով գյադեքի, գողականների, քրեական ենթամշակույթի: Բայց դա ռաբիզի խնդիրը չի, նացիստները դասական երաժշտության տակ էին իրենց վայրագությունները անում, գլխակեր սովետական սիստեմից շատ օպերա ու դասական երաժշտություն չսիրեք»:

Լրագրող Հայկ Բաղադասարյան էլ գրել է․ «Թաթուլը` Ալլ Ջերո, Ջորջ Բենսոն, Բարի Վայթ, Էլլա Ֆիջերալդ, Մայքլ Ֆրենկս, ու Ջեյմս Բրաուն լսող տղա է, մնացածն ուղղակի բիզնես է...»։

Ներկայացնենք նաև կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի գրառումը ․ «Վայ, վայ,վայ մարդիկ գնացել են Թաթուլի համերգին, էլ ո՞նց կլիներ…հավաքվեք մի նամակ էլ դուք գրեք, որ արգելեն, ձերբակալեն, խլացնեն, դռները փակեն, հատակին տապալեն… Լսում ես տեխնո՝ լսիր տեխնո, լսումա Թաթուլ՝ թող լսի Թաթուլ, դու շարունակի Դինջիս լսել ու գնել Զեմֆիրայի տոմս: Թաթուլի համերգ գնացածների վիդեոները տարածելով ու ծաղրական լալահառաչությամբ Թումանյանին ու Չարենցին հիշելով՝ նրանցից ավելի լավն ու ճաշակավորը չես դառնում… զուտ արժանանում ես շատերի զարմանքին՝ վտֆ, այ քեզ մեծամտություն»:

***

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվերջ կարելի ա նայել ու ժպտալ, ինչպես են «Слово пацана»-ի սաունդտրեկի տակ տժժացող ու 5 տարին մեկ դասական երաժշտություն լսողները քննադատում Թաթուլի համերգին գնացողներին կամ իրենց Քրիստոնյա համարողները բողոքում իրենց Սուրբ Զատիկի գիֆ ու նկար ուղարկողներից:
Յուրաքանչյուր մարդ ունի իր ճաշակը, մեկին Слово Пацана-ի սաունդտրեկն ա դուր գալիս, մյուսին՝ Թաթուլը, չեմ կարծում, որ դա որևիցե մեկի գործն ա: Իսկ ում Զատիկի շնորհավորանքով գիֆ են ուղարում, պիտի իրան լավ զգա, որովհետև տասնյակ ընկերներից հենց ձեզ են ուղարկում, հարգում են և ուզում են շնորհավորել այս Սուրբ օրվա կապակցությամբ:
Մարդիկ լավ օր են անցկացրել ու լավ են արել, մենք էլ ձև անենք իբր չենք նկատել՝ ոնց են քննադատողների մեծ մասը Թաթուլի երգերի տակ հարսանիքներին ու ծնունդներին տժժում))»։

***

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Թաթուլի համերգն է տեղի ունեցել։
Եվ արդյոք ես ճի՞շտ եմ հասկացել, որ բազմահազարանոց հանդիսատես է այնտեղ հավաքվել։
Մեկդ արձագանքեք հասկանամ, համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ պատկերված է բազմահազարանոց հանդիսատես, դա իրականությո՞ւն է։
Պատերազմի մեջ գտնվող Երկրի, Պետության քաղաքացիներ, պատերազմ պարտված, տանուլ տված երկրի քաղաքացիներ, մի ազգի ներկայացուցիչներ, որտեղ ողբը, տառապանքը ամեն քայլափոխի հանդիպում է, 44-օրյա լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմի, դրանից հետո բազմաթիվ սահմանային ռազմական գործողությունների, բախումների արդյունքում զոհվածների հարազատների տեսքով, անհայտ կորած զինծառայողների հարազատների տեսքով, անհայտ կորած կամավորականների հարազատների տեսքով, գերեվարված զինծառայողների հարազատների տեսքով, գերեվարված կամավորականների հարազատների տեսքով, բազմահազար հաշմանդամների տեսքով, որոնք անդամալույծ և հաշմանդամ են դարձել պատերազմի, ռազմական գործողությունների Ժամանակ:
Մի Պետության, մի Երկրի քաղաքացիներ, Հասարակության անդամներ, մի Ազգի ներկայացուցիչներ, որը այս պահին Ադրբեջանի Հանրապետությունում ունի զգալի քանակով ռազմագերիներ, դրան գումարած նվաստացուցիչ, ստորացուցիչ դատավարությունը
Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, մի Ազգի ներկայացուցիչներ, որոնք անցել են նվաստացուցիչ կապիտուլացիայի միջով, մի Ազգի ներկայացուցիչներ, որին այս պահին հակառակորդ պետության կողմից թելադրվում են, պարտադրվում են նոր նվաստացուցիչ, ստորացուցիչ նախապայմաններ, պայնաններ, ընդհուպ սահմանադրության մեջ փոփոխությունների տեսքով, մի Պետության, Երկրի քաղաքացիներ, որի տարածքային ամբողջականությունը խախտված է, որը կորցրել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք, ընդ որում, Միջազգայնորեն ճանաչված, Ինքնիշխան տարածք, մի Ազգի ներկայացուցիչներ, որը ամբողջությամբ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, դրանով զրոյացրել, հավասարացրել զրոյի 30 տարվա Հայ Ժողովրդի տառապանքը, մարդկային կորուստները, նյութատեխնիկական կորուստները, ֆինանսական ներդրումները, 30 տարվա տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական շրջափակումը, 30 տարի Հայ ժողովուրդը ունեցել է զոհեր, վիրավորներ, որոնցից շատերը ողջ կյանքում դարձել են հաշմանդամ, անդամալույծ, ունեցել է անհայտ կորած զավակներ, գերեվարված զավակներ, այդ ամենը հանուն Լեռնային Ղարաբաղի, որը ընդմիշտ կորցրել է, ամբողջությամբ, մի Ազգի ներկայացուցիչներ, որը ունի 150000 տեղահանված, արտագաղթաց զավակներ Լեռնային Ղարաբաղից, որոնց մեծ մասը այս պահին չունի մշտական բնակության վայր, ապրուստի նվազագույն միջոցներ, մի Ազգի ներկայացուցիչներ, մի Պետության, Երկրի քաղաքացիներ, որը այս պահին գոյամարտ է վարում հանուն Իր Տարածքային ամբողջականության, Պետականության, Անկախության, Ինքնիշխանության համար:
Ինչպես կարող են նման Պետության, Երկրի քաղաքացիները հանուն ռաբիզ երաժշտություն ունկնդրելու, այն էլ կենդանի ռաբիզ երաժշտություն, այպես, այս ահռելի մարդահոսքով լցվեն Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այն էլ Ծիծեռնակաբերդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այն էլ Ապրիլի 24-ից առաջ, Ապրլի 24-ի նախաշեմին:
Ապրիլի 24, որը համարվում է, խորհրդանշում է Հայոց պատմության ամենաողբալի օրերը, Հայոց պատմություն ամենաողբալի էջերը:
Կեցցեք հարգելի հայրենակիցներ!!!!!!
Ես կարծում էի, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել, պարզվեց, որ դա այդպես չէ!»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին