▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի «շնորհիվ» թեմում առկա խնդիրները դատարաններից հասել են բանկային հաշիվներ։

Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատարանի որոշմամբ Սարոյանը շարունակում է տնօրինել թեմի ֆինանսական միջոցները՝ չնայած նրան, որ Վեհափառ Հայրապետի որոշմամբ զրկվել է պաշտոնից ու լիազորություններից։

Լրագրողների հետ հանդիպմանը Զոհրաբյանը հայտարարեց, որ դատարանը գործը դիտարկել է որպես աշխատանքային վեճ և հայցի ապահովման միջոց կիրառել՝ արգելելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց խոչընդոտել Սարոյանի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ բանկային հաշիվների տնօրինման հարցում։

Փաստաբանի խոսքով՝ սա վտանգավոր նախադեպ է, քանի որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին ինքնակառավարմանը։

Զոհրաբյանը նշեց, որ կարգալույծ հայտարարված Սարոյանն այսօր դատարանի որոշման և հարկադիր կատարողի «կամայական մեկնաբանության» հիմքով շարունակում է գործարքներ կատարել թեմի հաշվեհամարներով։ Նրա ներկայացմամբ՝ միայն ապրիլի 1-ի դրությամբ թեմի հաշիվներից դուրս է գրվել ավելի քան 15 մլն դրամ։

«Մտահոգություն ունենք, որ այդ հաշիվներում առկա դրամական միջոցները կարող են վատնվել»,-ասաց նա։

Փաստաբանը նաև դժգոհեց դատարանի գործողություններից՝ նշելով, որ մերժվել են թե՛ հայցի ապահովումը վերացնելու, թե՛ հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունները, չնայած ներկայացվել են բանկային փաստաթղթեր և ապացույցներ։

«ԲԴԽ անդամ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը»,-հայտարարեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հարկադիր կատարող ծառայությունը ևս գործում է ի շահ Արման Սարոյանի՝ հոգևորականներին սպառնալից բովանդակությամբ նամակներ ուղարկելով։

«Նամակներ են գրում, ահաբեկում են հոգևորականներին։ Հայր Ռուբենին նույնպես նամակներ են գրում, ահաբեկում են, վերջում էլ գրում են՝ թե չէ քրեական պատասխանատվության կենթարկենք»,-ասաց Զոհրաբյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին