Թարմացված․ Հերոս չեմ, դա մեր աշխատանքն է, ուղղակի նման ուժեղ երկրաշարժ ամեն օր չի լինում. հայազգի բժիշկ Մհեր Ադամյանը պատմել է, թե ինչպես Կամչատկայում ուժեղ երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և շարունակել է ծնունդ ընդունել։
Կամչատկայում հաճախ են երկրաշարժեր գրանցվում, չնայած երեկվա ցնցումները շատ ուժեղ էին, նման ուժգնությամբ ցնցումներ երկար տարիներ չեն գրանցվել, «Իզվեստիային» պատմել է նա։
«Վախ կար, բայց հասկանում ես, որ փախչել չի կարելի, պետք մնաս ծննդաբերող կնոջ կողքին և օգնես։ Երեկվանից հետո մենք ամբողջ գիշեր հերթապահություն էինք անում, ամբողջ գիշեր ծննդաբերություններ և վիրահատություններ ունեինք», - ասել է Ադամյանը։
Սոցցանցերի օգտատերերը երեկ գրում և շնորհակալություն էին հայտնում Կամչատկայի տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին, նրան կոչում հերոս, քանի որ ուժեղ երկրաշարժի ժամանակ նա շարունակել է օգնել ծննդկանին։
***
Կամչատկայում ուժեղ երկրաշարժերի ժամանակ 14-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել։
Ծննդաբերությունը հաջող է անցել։ Ծնվել է 2950 գրամ քաշով առողջ աղջիկ: Նորածնին անվանակոչել են Էվելինա:
Աղջկա հարազատները մտադիր են դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակ շնորհելու համար:
SHOT-ի տեղեկությունների համաձայն՝ ծննդաբերությունը կատարել է ազգությամբ հայ մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը: