Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքն Արցախից ամենավերջինն է դուրս եկել, տեսել է, թե ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին։
«Հետագայում մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք, այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել, վնասել մեր հայտարարություններով։ Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը»,- ասաց Շահրամանյանը՝ մանրամասներ չպատմելով։
***
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի ղեկավարներից Կարեն Սարգսյանից այսօր իմ գործընկեր լրագրողները փորձել են ստանալ տեղեկատվություն, թե ինչպես են նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ձերբակալվել Ստեփանակերտի իր տնից:
Պարոն Սարգսյանը, հաշվի առնելով այսօրվա օրը, շատ ժլատ է եղել, բայց ասել է մի բան, որ ամբողջովին համապատասխանում է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ինչի մասին ես եմ գրել:
Նա ասել է, որ Արցախի նախագահները որոշել են դուրս չգալ Արցախից, մինչև դուրս չգան ԲՈԼՈՐ մյուս արցախցիները:
ԵՎ սա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է, անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում այսօր պարոն Ղուկասյանին ու Սահակյանին:
Ավելին ասեմ՝ Ադրբեջանի պահանջած 5 հայերից միակը, որ ներքին հզորություն է ունեցել անմիջապես հանձնվել, եղել է Դավիթ Բաբայանը: Միակը:
Ռուբեն Վարդանյանը, որ ևս պետք է Բաբայանի պես անմիջապես հանձնվեր, ինչը եղել է Եվլախի պայմանավորվածություններից, փորձել է Հակարիով սեպտեմբերի վերջերին դուրս գալ՝ նստելով Դավիթ Մանուկյանի մեքենան, որի պատճառով այսօր նաև Դավիթն է Բաքվի բանտում:
Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ռուսները մի քանի փորձ են արել դուրս բերել ուղղաթիռով Սիսիան, բայց ադրբեջանցիները թույլ չեն տվել:
Սա է ճշմարտությունը:
Ադրբեջանցիների կողմից Եվլախի բանակցություններում հինգերորդ պահանջվածը՝ Կամո Վարդանյանը, ազատվել է հետագա բանակցությունների արդյունքում:
Պետք է ամեն ինչ անել, որ ՓԱՍՏԱԿԱՆ այս իրողությունները չկեղծվեն առաջիկայում, որքան էլ դառն է ճշմարտությունը»:
|