Այս գիշեր Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Ռմբակոծվել են մայրաքաղաք Թեհրանը և Թավրիզը:
Իրանի ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական պահապանների կորպուսի հրամանատար Սալամին, Իրանի բանակի փոխհրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը։ Զոհվել են նաև իրանցի երկու ատոմային ֆիզիկոսներ:
Միջազգային աղբյուրները (The Guardian, AP, Financial Times) հայտնում են, որ Իսրայելը հարձակվել է Իրանի մի քանի ռազմավարական թիրախների վրա, այդ թվում՝ Նաթանզի ատոմային հարստացման կենտրոնի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների, հարվածները եղել են ուղղված նաև Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազաներին ու Թեհրանի որոշ կառավարման կենտրոններին։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են «այնքան, որքան հարկ լինի»՝ չեզոքացնելու Իրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերը։
ԱՄՆ–ը պաշտոնապես հայտարարում է, որ չի մասնակցել հարձակմանը, սակայն «պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր շահերը»:
Համաշխարհային շուկաներում աժիոտաժ է: ԱՄՆ ֆոնդային ֆյուչերսներն անկման մեջ են, նավթի գները աճել են շուրջ 5‑6 %՝ առաջացնելով տնտեսական ավել լարվածություն։
Թեհրանը ԱՄՆ-ին համարում է Իսրայելի հարվածների համահանցակից, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներին։
Միաժամանակ Պենտագոնը հայտարարել է, որ կօգնի Իսրայելին պաշտպանվել և դիմագրավել իրանական հրթիռային հարվածներին:
***
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորված հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։
Հարվածների հետևանքով առայժմ հայտնի է, որ սպանվել են
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին,
ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին,
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի (ՀՕՊ) հրամանատար Ղոլամալի Ռաշիդն ու նրա որդին,
Միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։
Հայտնի է, որ Թեհրանի վրա Իսրայելի հասցված ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից մոտ 35-ը կանայք և երեխաներ են։
Փակ է Թեհրանի օդանավակայանը։ Հաղորդվում է տարբեր ուղղություններով թռիչքների սահմանափակումների մասին։ Թել Ավիվ-Երևան չվերթը ևս չեղարկվել է։
***
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի ռազմաքաղաքական վերնախավը գլխատված է:
Սա աննախադեպ էսկալացիա է, որ բնույթով շատ տարբեր է անցյալ տարվա հրթիռային փոխհրաձգությունից:
Մեծ է հավանականությունը, որ սկսվել է Իրանում իշխանափոխության մեծ օպերացիան: Այս հարվածներին Իրանը փորձելու է պատասխանել: Իրավիճակն այնպիսին է, որ Իրանի ղեկավարությունն ինքն իրեն դրել է մի դրության մեջ, երբ չպատասխանել և մնալ իշխանություն չի հաջողվի: Պատասխանելիս էլ մնալ իշխանություն շատ և շատ դժվար կլինի: Մեծ է նաև հավանականությունը, որ ԱՄՆ-ը այս կամ այն կերպ ստիպված կներգրավվի Թեհրանում իշխանափոխության իսրայելական օպերացիային: Ցամաքային ներխուժում, իհարկե, թերևս չի լինի: Իսրայելը դրա ռեսուրսը չունի: Տեխնիկապես էլ Իսրայելի համար դա թերևս իրականացնելի չէ: Իմաստն էլ թերևս չկա ցամաքային զորքերով պատերազմելու: ԱՄՆ-ը ունի, բայց Թրամփի վարչակազմը ամենևին, արմատապես դեմ է ԱՄՆ ցամաքային զորքերը որևէ խոշոր կոնֆլիկտում ներգրավելու գաղափարին իսկ: Եթե, իհարկե, Իրանը ինքը չհարվածի ամերիկյան ռազմիուժին:
Ռազմական լայնամասշտաբ կոնֆլիկտը, եթե այն սկսվի, կվարվի օդից և բացառված չէ, որ նաև երկրի ներսից` առանձին խմբերի կամ շերտերի ակտիվացումով:
Իրանը որպես պետություն չի վերանա: Դա անհնար է: Կորցնել Ատրպատականի ազերիաբնակ նահանգը տեսականորոն հնարավոր է, բայց պետականությունը` երբեք:
Իշխանափոխությունը նույնպես հնարավոր է:
Այս բոլոր սցենարներում անհնար է մի բան. Հայաստանի գոյությունը: Իրանում լուրջ ռազմական օպերացիայի պարագայում Ադրբեջանի զորքերը ժամերի ընթացքում ամենայն հավանականությամբ գրավելու են ողջ մեծ Սյունիքը, արևելքից իջնելու են Սևանի ափ և ամրապնդվելով այնտեղ, արագ Երասխից և Նախիջևանի շփման գծից շարժվելու են դեպի Երևան:
Եվ հայկական երազանքը, որին հատկապես վերջին հինգ տարիներին այդքան կրքոտ կերպով ձգտել է ժողովուրդը` ունենալ Երևան-Էջմիածնի Հանրապետություն, իրականություն կդառնա: Կամ էլ` Նիկոլ Փաշինյանը, նախկին փորձով` տասնհինգ միլիարդ ութ հարյուր միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քառասունհինգ հայկական կյանքեր շրջափակումից փրկելու հանուն` կստորագրի պետականության հանձնման փաստաթուղթ:
Դրանով կգա ապագան:
Իրանի համար արդեն իսկ կարծես թե գալիս է նոր ապագա:
Հայաստանի` անշեղորեն հետապնդած այլ տիպի ապագան էլ կարծես թե արդեն մոտենում է:
Հուսանք, որ սա չի իրականանա, բայց ես սեփական հույսերիս անգամ այլևս վաղուց չեմ հավատում: Դրանք միշտ գործնական հարթությունում պարտվում են իրատեսական անհուսությանը:
Ի դեպ` դեռևս հեռավոր 2016-ին, Արմենիա TV-ի մի հաղորդման ժամանակ, որ վարում էր Արտակ Ալեքսանյանը, նկարագրել եմ այսօրվա օրը և հաջորդող իրադարձությունները:
Այդ ժամանակ այսօրը ապագա էր:
Այսօր ապագան տեղ հասավ:
Պատրաստվեք դիմավորելու ձեր ապագան, իմ հայրենիքը հանձնած իմ նախկին հայրենակիցներ:
Հ.Գ. Կա մի վերջին, բարդ իրականանալի բայց տեսականորեն հնարավոր սցենար նույնպես. Իրանը պատասխանում է, Իսրայելը կորուստներ չի ունենում, տարբեր երկրներ միջամտելով դեէսկալացնում են, և էլի մի որոշ ժամանակ լինում է ինչպես նախկինում: Այլևս դժվար է սա պատկերացնելը, բայց դա դեռ հնարավոր է:
Եվ այդ սցենարում նույնպես միևնույն է` Հայաստան ներխուժում մի օր` մոտ ապագայում լինելու է:
Այնուամենայնիվ ողբերգականորեն լինելու է»:
***
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին՝
«Իրանի վսեմ ժողովուրդ,
Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։
Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։
ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։
Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։
Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավոտ ճակատագիր, և նա անկասկած կստանա այն»,- նշել է Խամենեին։
***
Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ Ահմադ Վահիդիին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը։
«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սայարին նախկինում ծառայել է որպես Իրանի բանակի փոխհրամանատար։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր այս պաշտոնը զբաղեցնող Մոհամմադ Բաղերիի մահվան մասին՝ Իսրայելի հարվածների հետևանքով։ ԻՀՊԿ-ն հաստատել է իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը։
***
Իսրայելի հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է սկսել՝ Իսրայելի վրա ուղղված ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Իրանն Իսրայելի վրա արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Սակայն, մի քանի ժամ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն թիրախներին։
«Բանակն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ», - զինվորական պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Times of Israel-ը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են «Առյուծի վերելք» անվամբ լայնածավալ գործողությունը, որի շրջանակներում Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։