▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ես տխուր, թշվառ Հայաստան

«Իմ ուսուցիչը  միշտ  ժողովուրդն է եղել.մարդը որքան մոտ լինի իր երկրին ու ժողովրդին, որքան շատ խորանա նրա ստեղծագործության մեջ, նա այնքան ավելի մեծ է ու համամարդկային: Այդ ճանապարհով միայն գրողը կարող է ընդհանուր գրականության մեջ տեղ ունենալ»,-ասել է  ամենայն հայոց բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը, որին էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսված միջոցառումների շրջանակում Ավ. Իսահակյանի անվան թիվ 29 գրադարան-մասնաճյուղում անդրադարձան  Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի սաները:

Թումանյանն էր, որ դեռևս 1913թ. գրել է. «Թուրքերը հայկական հարցը վճռելու են բնաջնջումով և թուրքը նրան բաց պիտի թողնի միայն վերջին շնչի հետ:  Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»: 

Իսկ ընդամենը 15 տարեկանում նա գրել է.

Ինչո՞ւ ես տխուր

Թշվառ Հայաստան

Է՞ր է վիզդ ծուռ

Մայր իմ սիրեկան,

Խոցալից սրտով

Մայր իմ Հայաստան:

Ապա,  տարիներ անց,  ներկայացնելով  այդ  օրերի մղձավանջը՝  գրել է. «Դա  մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաները: Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»:

Նշենք, որ Ավ.Իսահակյանի անվան գրադարանի միջոցառումները 100-րդ տարելիցին ընդառաջ՝  բազմազան են: Գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների  բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում  տեղեկացրեց, որ առաջիկայում  կլինի Հակոբ Հարությունի «Կապույտ հազ»  գրքի շնորհանդեսը: 

Ունենք նաև «Երեխաները պատրաստում են անմոռուկներ ծրագիրը: Երեկ գրադարան էին հյուրընկալվել Խաչիկ Դաշտենցի անվան  թիվ 114 դպրոցի 6-րդ դասարանի սաները, ովքեր  տեղում անմոռուկներ պատրաստեցին»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին