«Շատ մեծ կարծիք ունեմ Սամվել Կարապետյանի մասին, իսկ կալանավորմանը վատ եմ վերաբերում։ Ես նրա հետ անձնապես շփվել եմ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո)։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ ձեր աջակցությունը չեք հայտնում, ասել է. «Ի՞նչ անեմ, գնամ ավտոմատը վերցնեմ, գնամ КГБ-ի հայա՞թը»,- պատասխանել է Ղազարյանը։
Դիտեք նաև՝
Ճեպազրույցի ժամանակ լրագրողն ընթերցել է Դատախազության հայտարարությունը. «ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց ՀՀ-ին»։ Վաչագան Ղազարյանն արձագանքել է. «Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 2021-ին, հետո իրենք կանչել, ասել են՝ պիտի վերադարձնեք, հետ ենք վերադարձրել»: Եթե ձերն է, ինչո՞ւ պետք է վերադարձնեք հարցին, պատասխանել է՝ «հետո կապացուցենք...»։ «Ինչպե՞ս ցուցմունք տվեցիք ձեր մտերիմ Սերժ Սարգսյանի դեմ»,- շարունակել են լրագրողները: «Ես Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել»,- ասել է Ղազարյանը։ Լրագրողները նկատել են՝ վարույթով Սերժ Սարգսյանն այսօր մեղադրվում է. «Բա ո՞վ պետք է մեղադրվի, ե՞ս, հողերն ինքն է վաճառել»,- ասել է Ղազարյանը: Հարցին, թե հիմա շփում ունե՞ք Սարգսյանի հետ, պատասխանել է. «Ոչ: Այդպես է ստացվել»։ |
|