«Հետքը» գրում է. «Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլեւս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում:
Ճիշտ է՝ նախկինում եւս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն տարանցել են (տրանզիտ) ադրբեջանական երկինքը, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարեւանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի եւ Ռուսաստանի օդային տարածքներով: «Հետքի» տեղեկություններով՝ խնդիրը եղել է անվտանգությունը՝ պայմանավորված Ադրբեջանի թշնամական կեցվածքով:
Օգոստոսի 8-ի քաղաքական իրադարձությունից հետո կառավարական ինքնաթիռն ամսի 30-ին Երեւանից թռավ Չինաստան՝ տեղափոխելով Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանը: Եվ ահա flightaware.com կայքում կարող ենք տեսնել, որ այն առաջին անգամ անցել է Ադրբեջանի վրայով: Այսինքն՝ ՀՀ թիվ մեկ բորտն այլեւս չի խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, չնայած դրա համար պաշտոնապես որեւէ արգելք նախկինում չի եղել:
Իսկ ահա կոմերցիոն փոխադրումներ կատարող հայկական ավիաընկերությունների վիճակագրությունը ցույց է տալիս հետեւյալը: Օգոստոսի 30-ին «Շիրակ Ավիան» Երեւանից Կրասնոյարսկ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով: Օգոստոսի 31-ին «Շիրակ Ավիան» Երեւանից Նովոսիբիրսկ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով:
«Ֆլայուան Արմենիան» սեպտեմբերի 2-ին եւ 5-ին Երեւանից Եկատերինբուրգ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով:
Շեշտենք, որ այս թռիչքների ժամանակ հայկական օդանավերը շատ ավելի երկար տարածություն են անցել Ադրբեջանի վրայով: Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս վերջին թռիչքների ժամանակ նրանք Ադրբեջանի երկինք են մտել եւ այնտեղից դուրս եկել օդային անցման կետերով (օդային սահմանների վրա, ինչպես ցամաքում, կան հստակ կոորդինատներով անցման կետեր):
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ մինչեւ օգոստոսի 30-ը ՀՀ պաշտոնյաների բոլոր այն հայտարարությունները, թե իբր հայկական օդանավերն էլ թռչում են Ադրբեջանի վրայով այնպես, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով, եղել են մանիպուլյատիվ, ապակողմնորոշող: Իսկ ահա օգոստոսի 30-ից հետո փաստ է, որ ՀՀ գրանցումով օդանավերը տարանցում են Ադրբեջանի օդը սահմանված անցակետերով, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով Բաքվից դեպի Նախիջեւան կամ Թել Ավիվ թռչելիս եւ վերադառնալիս: Այդուհանդերձ, փաստ է նաեւ, որ AZAL-ի տարանցիկ թռիչքները շաբաթվա կամ ամսվա կտրվածքով բազմապատիկ շատ են հայկական փոխադրողների տարանցիկ թռիչքների ընդհանուր քանակից»։
***
ՀՀ վարչապետի օդանավը օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան, գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ»,-գրել է նա։