▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազատագրական շարժման ականավոր հրամանատար Աշոտ Երկաթին երեկ տարան բանտ.․․

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ օրվա երկրորդ կեսին լրահոսում հայտնվեց չոր ու ցամաք մի լուր. Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») տարել են Սիսիանի ոստիկանություն՝ բանտ տեղափոխելու համար։
Անսպասելի չէր այդ ծանր լուրը։ Օրեր առաջ արդեն հայտարարվել էր - Հրամանատարի դեմ երկամյա մեղադրական վճիռը մտել է «օրինական» ուժի մեջ և ուղարկվել է կատարման։ Օրերի հարց էր։
Ի՞նչ է եղել։ 2021 թվին վերաբերող ինչ-որ շինծու գործով առաջին ատյանի դատարանը Աշոտ Երկաթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, բայց «պայմանական» էր տվել, այսինքն վճռել էր, որ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվի։ Հետո դատախազը բողոքել էր վերաքննիչ դատարան, ու «պայմանական»-ի մասը բեկանվել էր - պիտի պատիժը ռեալ կիրառվեր։ Հետո պաշտպանը դիմել էր վճռաբեկ դատարան, բայց գործը վարույթ չէին ընդունել։
Այսպիսով, անսպասելի չէր այդ ծանր լուրը, բայց անարդարության ահավոր զգացողություն առաջացրեց։ Կոկորդ խեղդող անարդարության։
Մենք բոլորս իբր մեր «գործն ենք անում», մեկ էլ իմանում ենք՝ տարել են շատ հարգելի ա՛յս մարդուն, հետո՝ շատ արժանավոր ա՛յն մարդուն։ Հետո աղաղակում ենք, թե «իրավ չէ՛»։ Հետո բան չի փոխվում։ Հետո շարունակում ենք մեր «գործն անել»…
Հայ ազատագրական շարժման ականավոր հրամանատար Աշոտ Երկաթին երեկ տարան բանտ։ Մենք ճաղերի տարբեր կողմերում ենք։ Ու իրականում պարզ էլ չէ՝ ճաղերի ո՛ր կողմում է բանտը»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:
Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք` բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:
Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչու են մարդիկ տասնյակներով կալանավորվում:
Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու ու դրա ճանապարհն ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:
Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին