Համաճարակ է արձանագրվել Բյուրեղավան քաղաքում. 8 մարդ հոսպիտալացվել է
Երեկ երեկոյան ժամը 7–8–ից սկսած շտապօգնության բազմակի կանչեր են գրանցվել Բյուրեղավանում, ուղիղ եթերում ասում է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։
Բոլորի գանգատները նույնն են` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։ Կանչերի թիվը գնալով շատացել է` մոտ 30 կանչ է եղել մի երեկոյի ընթացքում, և ուշ երեկոյան տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնին։ Կանչերը դեռ շարունակվում են, 8 քաղաքացի հոսպիտալացվել են ԲԿ։
Նա տեղեկացրեց, որ ջրից են նմուշառումներ արվել սպասում են պատասխանին։ Այս պահին խորհուրդ են տվել ջրից չօգտվել կամ եռացրած ջուր օգտագործել։
***
Ծանր դեպքեր չունենք, - հայտնեցին Առողջապահության նախարարությունից` պատասխանելով Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի մասին հարցին։
«Շտապօգնության կանչեր են գրանցվել` ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում: Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք: Ծանր դեպքեր չունենք»:
Ըստ նախարարության` հոսպիտալացվել է 5 քաղաքացի, որոնց վիճակը բավարար և միջին է։
***
Բյուրեղավանի արդեն 11 բնակիչ է հոսպիտալացվել, պատճառը աղիքային վարակն է
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող քաղաքացիներ


