▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնունու տաղավարները քանդում են, տեղը էլիտար շենք կառուցե՞ն»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ սկսվել են Գնունու շուկայի առաջին շարքի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները։

Աշխատակիցները լրագրողներին հայտնել էին, որ չեն հասցրել կրպակներից շատ իրեր դուրս բերել, քանի որ քիչ ժամանակ է եղել իրենց տրված, նրանք դժգոհել են նաև, քանի որ տարիներ շարունակ տաղավարները վարձակալել ու հարկեր են վճարել։

«Քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Երևանի Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
Նշվեց նաև, որ ապամոնտաժման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձանցից:
Հարցին՝ ճի՞շտ է, որ տաղավարները քանդում են, տեղը էլիտար շենքեր կառուցեն, Խոջայանը պատասխանեց, որ դրանք ենթադրություններ են, նման ծրագիր չկա։

***

«Մարդկանց հացից զրկեցին»,- լրագրողների հետ զրույցում ասում է Գնունու շուկայի տաղավարների քնդմանը հետևող քաղաքացին․ «Էսքան մարդ մնաց գործազուրկ, ընտանիքները՝ առանց հացի։ Պարոն քաղաքապետն ասում էր՝ ասեք, կանենք։ Ընտրեցինք, որ քանդեն։ Ժողովրդի հերն անիծում են, մեղք են։ Մարդկանց հնարավորություն չեն տալիս, որ ապրեն, ամոթ քաղաքապետին»,- ասաց քաղաքացին։
Նշենք, որ Քաղաքապետարանը շուկայի առաջին շարքի տաղավարները քանդում է այն պատճառաբանությամբ, թե դրանք խանգարում են երթևեկությանն ու հետիոտնին։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը քանդում է, բայց ի՞նչ է կառուցում փոխարենը
Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը սկսել է Գնունու շուկայի տաղավարների ապամոնտաժումը։ Երկար տարիներ մարդիկ այստեղ վարձակալությամբ են աշխատել, կերակրել իրենց ընտանիքներն ու հարկ վճարել Հայաստանի Հանրապետությանը։
Հիմա եկել մի քանի ժամ են տվել ապրանքները դուրս բերելու համար։
Իսկ ի՞նչ է փոխարենը առաջարկում քաղաքապետարանը ՀՀ 3 միլիոն վարչապետերից այն վարչապետերին, ովքեր իրենց մի կտոր հացի գումարն այստեղ էին վաստակում.
• Նոր շուկա՞
• Արժանապատիվ պայմաննե՞ր
• Թե՞ հերթական անգամ իշխանությունը նախ քանդում է, հետո պետք է փորձի մտածել, թե ինչ անել դատարկված տարածքի հետ։
Քանդելն ամենահեշտն է։ Մարդկանց աշխատանքից զրկելուց առաջ պետք է առաջարկվի այլընտրանք։ Հակառակ դեպքում ստացվում է հերթական ճղճիմ վրեժխնդրությունը՝ ՔՊԿ-ին Երևանում վստահության քվե չտալու համար»։

***

Գնունու շուկայի տարածքի ապամոնտաժված կրպակների տերերին այլընտրանք չի առաջարկել, ԱրմենիաSputnik–ին ասաց կրպակատերերից մեկը` Սուրիկ Մանուկյանը, որը 20 տարուց ավելի է կրպակ ունի այդտեղ։

«Տարածք չկա, մեզ որևէ այլ տարածք չեն խոստացել։ Պիտի գնանք մեր տներում նստեք։ Հազիվ գիշերը հասցրել ենք ապրանքը հանել, տանել տուն։ Բանկից վարկերը վերցրել ենք, հիմա ոնց ենք մուծելու, չգիտենք»,–ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տնտեսվարողներին այլ տարածք տրամադրելը դեռ չի քննարկվել։ Նրա խոսքով` կան կրպակատերեր, որոնք ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետն ավարտվել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին