ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը ճեպազրույցին մի երեք անգամ «Նախճիվան» ա ասում՝ փայլուն իմանալով, որ նման կերպ Նախիջևանն անվանում են բացառապես ադրբեջանցիք։
Գրեթե կասկած չունեմ, որ առաջիկա ժամանակահատվածում Ալիևը պահանջելու ա Ստեփանակերտը՝ Խանքենդի անվանել, Շուշին՝ Շուշա, Մարտունին՝ Խոջավենդ, դա էլ գլուխը կախ անելու ա։ Շնչակտուր խոսում է ՀՀ կատարված վերջին երեք ամիսների տուրիստական աննախադեպ այցերից, էսա սրա բերած «խաղաղությունը»։
Դիտեք նաև՝
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «3 խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել դրանք: Դրանք են իր լեգիտիմության դեֆիցիտը և դրանից բխող կեղծ խաղաղության պարադոքսը, որը որևէ կերպ իրապես ամրացնել նա չի կարող: Մոտ մեկ շաբաթ առաջ նշել էի, որ իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք և իշխանությունը Վաշինգթոնյան ճռճռան շոուից բացի ստիպված կլինի իր 10-12% ընտրազանգվածին և հատկապես 88-90% ոչ իր ընտրազանգվածին հաշվետվություն, բացատրություն տալ այն ամենի մասին, ինչը շրջանցվել է համաձայնագրում, բայց դարձել է համաձայնագրի լինելիության գրավական: Փաշինյանը զգում է, որ վաճառքի ենթակա «խաղաղությունը» խամրում է դեռ չեկած: Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա բրիֆինգ է անում:
Որքան էլ բրիֆինգ անի միևնույն է նրա իշխանության ճգնաժամը ունի երեք առանցքային բաղադրիչ, որոնք անբեկանելի են և անլուծելի, քանի որ նա այլևս անցել է ռուբիկոնը․
1. լեգիտիմության բացարձակ դեֆիցիտ,
2. ավտորիտար ռեժիմի աստիճանական ձևավորում,
3. հասարակության հոգեբանական ընկալումը, որտեղ նույնիսկ խաղաղությանը հնարավոր չի հավատալ, քանի որ այն բերում է խրոնիկ խաբեբան։
Այս երեք երևույթները սերտաճել են միմյանց հետ և ստեղծել են փակուղային իրավիճակ։
1. Լեգիտիմության դեֆիցիտ
Փաշինյանի իշխանության գոյության ամենամեծ խնդիրը ընտրություններով ձևականորեն ստացած իրավական մանդատը չէ։ Նրա հիմնական թուլությունը այն է, որ նա դադարել է ընկալվել որպես վստահելի իշխանություն։ Հանրային հոգեբանության մեջ նրա խոսքը զրկված է արժեքից։ Նրա որոշումները նույնիսկ, եթե տեսանելիորեն լավ արդյունք խոստանան, հանրության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում են կասկածանքով։ Սա կոչվում է լեգիտիմության դեֆիցիտ․ իշխանությունը չի ընկալվում որպես օրինական և արժանահավատ առաջնորդություն։
2. Ավտորիտար ռեժիմի վերածվելու վտանգը:
Փաշինյանի լեգիտիմության կորուստը անխուսափելիորեն բերում է իշխանության ավտորիտարացման։ Դա պարզ մեխանիզմ է․ որքան քիչ վստահություն ունի առաջնորդը, այնքան ավելի է դիմում ճնշումների, դատական և քաղաքական ինստիտուտների վերահսկողությանը, քարոզչական մանիպուլյացիային: Փաշինյանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս այդ անցումը․
• քաղբանտարկյալներ,
• դատարանների ճնշում,
• լրատվադաշտի խեղաթյուրում մետաճշմարտութուններով ու կեղծիքով
• հանրային բևեռացում, որտեղ ընդդիմախոսը ոչ թե այլ կարծիք ունեցող քաղաքացի է, այլ «թշնամի»։ Արդյունքում լեգիտիմության դեֆիցիտը լրացվում է ոչ թե վստահության վերականգմամբ, այլ ավտորիտար գործիքակազմով։
3. Խաբեբայության հետևանքով հանրային ապատիա:
Փաշինյանին չեն հավատում ոչ միայն նրա սխալների, այլ հատկապես նրա խրոնիկ խաբեբայության պատճառով։ Երբ մի առաջնորդ անընդհատ խոստանում է մի բան, բայց իրականում իրականացնում է հակառակը, հասարակության հոգեբանության մեջ ձևավորվում է երկու բան.
• ապատիա՝ մարդիկ դադարում են հավատալ որևէ խոստման,
• հոգեբանական մերժում՝ նույնիսկ եթե նա բերում է ինչ-որ դրական երևույթ (օրինակ՝ խաղաղության խոստում), մարդիկ չեն հավատում, որովհետև խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ այն բերողը, իսկ եթե բերողը Փաշինյանն է, ապա դա արդեն կեղծ է և ֆեյկ:
Այս երևույթը կոչվում է քաղաքացիական վստահության կոլապս։ Երբ կեղծիքը երկար ժամանակ ներկայացվում է որպես իրականություն, հասարակության համար անհնար է դառնում ընդունել նույնիսկ իրական հաջողությունը։
Այսօր Հայաստանում առկա է փակ շղթա․
• լեգիտիմության դեֆիցիտը վերածում է իշխանությանը ավտորիտար ռեժիմի,
• ավտորիտար գործիքակազմը խորացնում է հանրային բաժանումը,
• խաբեբայության հետևանքով առաջացած հոգեբանական մերժումը թույլ չի տալիս, որ նույնիսկ «խաղաղություն» հասկացությունը ընկալվի որպես արժեք։
P.S. Փաշինյանի խնդիրն այն չէ, թե ինչ արդյունք է նա բերում։ Նրա խնդիրն այն է, որ նա դարձել է այնպիսի քաղաքական ֆիգուր, որի բերած նույնիսկ լավագույն արդյունքը հասարակության աչքում կեղծ է։ Իսկ սա նշանակում է մեկ բան․ Հայաստանում պետականության վերականգնման առաջին պայմանը Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտի խորացումն է»։
***
Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը, մի կողմից, պնդում է, թե, իբր, նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը որևէ կապ չունի զուգահեռաբար ընթացող «խաղաղության» գործընթացի հետ, իսկ մյուս կողմից, պատասխանելով այն հարցին, թե՝ «Եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա անդրադառնալո՞ւ է խաղաղության պայմանագրի ստորագրման վրա», Փաշինյանը պատասխանում է հետևյալը՝ «Ես չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի էն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա [սահմանադրական փոփոխությունները] որևէ ազդեցություն կարող են ունենալ խաղաղության գործըթացի վրա»։
Մի կողմ թողնենք Փաշինյանին հատուկ նման հակասական պնդումները:
Բայց ո՞րն է Փաշինյանի պատասխանի բուն էությունը (վերը մեջբերված պատասխանը, խնդրում եմ, նորից ընթերցեք):
Դրա էությունը նույն շանտաժն է, որին, վերջին 5 տարիներին, Փաշինյանը ենթարկել է ողջ հայ ժողովրդին. «Եթե չհամաձայնվենք, կլինի պատերազմ»:
Վերջերս ես հենց այդ պնդումն էի արել, որ փաշինյանական քաղաքականության տրամաբանությունը հուշում է, որ իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեխը կրկին հենց այդ թեզն է լինելու՝ «Եթե չհամաձայնվենք, կլինի պատերազմ»: Ինչն, ըստ էության, արդեն իրականություն է:
Այդ փոխկապակցվածությունը, այն է՝ փաշինյանական սահմանադրության փոփոխությունների և փաշինյանական «խաղաղության» գործընթացի միջև, «հանկարծակիորեն», հենց Փաշինյանն է պարզելու: Այո՛, բառացի պնդելու է հետևյալը. «Եթե Սահամանադրության փոփոխությունները չանցնեն, եթե Սահմանադրությունից չհանվի Անկախության հռչակագրին հղում անող դրույթը, ապա մի շաբաթ հետո կլինի պատերազմ»:
Բայց սա, դեռ ամենը չէ՜: Քանի որ, դրանից հետո էլ «հանկարծակիորեն» կպարզվի, որ ոչ թե զուտ պետք էր Սահմանադրությունը փոխել, այլ, բացի այդ, պետք է հերթով չեղարկել «Ղարաբաղ» կամ «Արցախ» անվանումները կրող, «Հայոց ցեղասպանությունը» շոշափող բոլոր օրենքները, որոշումներն ու հայտարարությունները: Եվ, այո՛, առաջին հերթին պետք է չեղարկել Անկախության հռչակագիրը: Եթե ոչ, ապա դա խաթարելու է «խաղաղության» գործընթացն ու հանգեցնելու է պատերազմի:
Չտեսնել սա, նշանակում է լինել կատարյալ անմեղսունակ: Սա, բնականաբար, իշխանություններին ու նրանց պրոպագանդիստներին չի վերավերում: Նրանց շարժառիթները բոլորովին այլ ուղղությամբ են»:
***
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր հետաքրքրությունները, АПА-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Իլհամ Ալիևը։ «Մենք հասել ենք ցանկալիին․ ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացիորեն այն անգործունակ էր, բայց իրավաբանորեն գոյություն ուներ և հիմա մոտենում է նրա վերջը»,- նշել է նա։