Երևանի կենդանաբանական այգում մեր աչքի առջև սատկեց մի կապիկ, որն ընդամենը երեք տարի առաջ էր բերված արևմտյան Աֆրիկայից։
Ես խորին ակնածանքով գլխարկս հանեցի ի տես այս ննջեցյալի: Այդ անասունն իր անբան տեղով միայն երեք տարի կարողացավ դիմանալ անազատ կյանքին, մինչդեռ մենք, որ ոչ բարով նրա ժառանգներն ենք համարվում՝ ամբողջ երեսուն տարի դիմանում ենք։
Անարժան հաջորդներ՝ փառավոր նախնիք։
Կապիկն իր տախտակամած փոքրիկ վանդակում այնքան էր նստել չոր տախտին և ազատություն երազել, որ լերկացել էր նրա հետույքը մազերից, ուռել և ճակնդեղի նման կարմիր հսկայական ուռուցք էր գոյացել՝ նման ոչխարի դմակի։ Մինչդեռ մենք, նույն պայմաններում ապրող բանական մարդիկս մի այծի պոչ անգամ չունենք մեր ետևում։
Մարդս անասունի հետ համեմատած՝ տեսեք որքա՜ն քիչ կարիք ունի ազատության...
Լեռ Կամսար, «Կարմիր օրեր»