▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծիծեռնակաբերդից անցան Քարահունջին»

«Ծիծեռնակաբերդից անցան Քարահունջին»,-գրել է դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով Քարահունջ հայագիտական կենտրոնի ահազանգը․ տեքստին կարող եք ծանոթանալ ստորև․

Հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ օգոստոսի 30-ին հնագետ Աշոտ Փիլիպոսյանը վերսկսել է «պեղումները» Քարահունջ աստղադիտարանի տարածքում՝ շարունակելով իր 2018թ․-ի անավարտ աշխատանքը այն կառույցում (իրենց վարկածով՝ դամբարանում), որը բացվել էր և յոթ տարի շարունակ մնացել էր բաց երկնքի տակ՝ առանց պահպանության համար անհրաժեշտ համապատասխան միջոցառումների։

Կարևոր ենք համարում հանրությանը տեղեկացնել և հիշեցնել հետևյալը․

• Ա․ Փիլիպոսյանի նկատմամբ երկու անգամ հարուցվել է քրեական գործ (վերջինը՝ մեր նախաձեռնությամբ)՝ Քարահունջի պեղումների ընթացքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և հնագիտական պեղումների անցկացման ՀՀ և միջազգային օրենքների և նորմատիվների, ինչպես նաև արգելոցի կանոնադրության խախտումների հիմքով։

• Նշված գործերը, ցավոք, կարճվել են մեզ հայտնի պատճառներով և միջոցներով։ Անպատիժ մնացած գործողությունները, փաստորեն, այսօր շարունակվում են։

Հաշվի առնելով Քարահունջում Ա․ Փիլիպոսյանի նախկին անօրինական գործողությունները, ինչպես նաև նրա կողմից իրականացվող բազմաթիվ աշխատանքային նորմերի խախտումները՝ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը, որը ստանձնել է Քարահունջ աստղադիտարանի պահպանության հանրային վերահսկողություն, խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով հայտարարում է․

• Մենք աչալուրջ հետևելու ենք Ա․ Փիլիպոսյանի գործունեությանը Քարահունջի տարածքում, և յուրաքանչուր օր, երբ նա կգտնվի այնտեղ, հանրությանը կհիշեցնենք այն վնասների և խախտումների մասին, որոնք նա հասցրել է հայագիտությանը և հնագիտությանը՝ մասնավորապես Քարահունջի և Մեծամորի, այսպես կոչված, «պեղումներով»։

• Մենք հորդորում ենք Ա․ Փիլիպոսյանին դադարեցնել պեղումները և անհապաղ կոնսերվացնել բացված հատվածը։

• Դիմում ենք Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի ղեկավարությանը ակնկալելով Ա․ Փիլիպոսյանի գործողությունների խիստ վերահսկողություն և հուշարձանի վերոնշյալ հատվածի նախնական վիճակը վերականգնելուն ուղղված համապատասխան միջոցառումների նախաձեռնում։

«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը դեմ է Ա․ Փիլիպոսյանի ցանկացած գործունեությանն արգելոցի տարածքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին