▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն սպառնում է մեզ հետ համագործակցող մարդկանց

10 տարի է, ինչ ընթանում են մ.թ.ա. առաջին դարում Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55թթ.) կողմից Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետազոտությունները: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշվախումբը` ղեկավարությամբ պատ. գիտ. դոկտոր, Երեւանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի, 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2007թթ. պեղումներ է իրագործել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել քաղաքի Միջնաբերդի «ծիծեռնակապոչ» շարվածքով պարիսպը, Ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական բազիլիկան, Խաչենագետի քարափի մեջ փորված Քարայրային-պաշտամունքային համալիրը, Ժայռափոր ջրանցքը եւ այլ հուշարձաններ: 

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Տիգրանակերտի հետազոտության 10 տարիների, ձեռքբերումների, խնդիրների մասին՝ նշելով.

«Երբ որ նախաձեռնում էինք պեղումները՝ ֆինանսական աջակցությունը շատ քիչ էր: Ես մի քանի անգամ գնացել եմ ԱՄՆ, ստեղծել ենք Տիգրանակերտին աջակցողների խումբ, մինչև հասավ այն վիճակը, որ 2008 թվականին արդեն Արցախի իշխանությունները որոշեցին իրենց վրա վերցնել ֆինանսավորումը, որը մինչ օրս էլ շարունակվում է: Այսօր հետազոտված է քաղաքի 2 տոկոսը: Այն ունիկալ հուշարձան է՝ թե՛ իր չափերով, թե՛ կառուցողական տեխնիկայով: 

Հատակագծման, տեխնիկայի, կրաշաղախի օգտագործման առումով Տիգրանակերտն այսօր ամենադասական հուշարձանն է: Այն ժայռերի վրա է, քարի քաղաք է»

Համլետ Պետրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, որ սա հայակական որևէ բան չի պարունակում.

«Սպառնում են մարդկանց,  ովքեր որ համագործակցում են մեզ հետ: Մեր մշակույթի հետազոտությունը եղել է քաղաքականացված, այն եղել է երկու կողմերից և ներկա պայմաններում շարունակելու է մնալ քաղաքականացված: Բայց պետք է մնալ ակադեմիզմի դիրքերում: Այսօր մենք հնարավորություն ունենք փաստագրել  ավելի էական երևույթներ»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Բացի հակառակորդի կողմից ստեղծված խնդիրների՝ բարդություններ է առաջանում նաև ֆինանսների բացակայությունը.

«Մոտ 1/3-ով կրճատվել է Տիգրանակերտի հետազոտության բյուջեն, և ես ի վիճակի չեմ խնդրել իշխանություններին ու պնդել, որ Տիգրանակերտը շատ կարևոր է: Շատերը հակված են մտածել, որ այն իմ սեփականությունն է և ես գտել եմ Տիգրանակերտը, իմ աչքը լույս: Սա շատ մերժելի մոտեցում է: Պետք է քաղաքացիական կամք ունենանք՝ ուրախանալ բոլոր այն հաջողություններով, որ մեր քաղաքացիները անհատական միջոցներով ձեռք են բերում: Որպեսզի 3 բահ առնեմ, 4 սայլակ, պարտավոր եմ բյուջեում կետ առ կետ գրել: Ցավալի է նման նշանակության հուշարձանի հանդեպ անտարբերությունը: Այդքան բարերարներ կան, ես հոգնել եմ բոլորին դիմելուց.այդպես էլ մեկը չհայտնվեց: Պեղումների համար անհրաժեշտ է 80-100.000 եվրո, այսօր 3 0-40.000 եվրոյի շրջանակներում ենք պեղումներ կատարում, դրա համար որոշ անալիզներ չեն արվում,աշխատանքներ չեն արվում: Ես անգամ հնարավորություն չունեմ որևէ գիտաժողովի զեկուցում կարդալ, նրանք Արցախից որևէ մեկի չեն հրավիրում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու անգամ մերժել է իմ դիմումը՝ Տիգրանակերտի շրջակայքը չեզոք աչքերով ներկայացնելու համար: 15 տարի առաջ, երբ թուքերը հայտնաբերեցին Այանիսը, կառավարությունը որոշեց այն դարձնել ազգային արժեք, հատուկ ծրագիր սահմանել միայն նրանց համար: 10 տարվա ընթացքում այն դարձավ աշխարհի հայտնի ուրարտական հուշարձանը»,-նշեց բանախոսը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին