▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և պահպանի մեր մայրերին ու քույրերին. Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։
Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։
Արդարև, այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։​
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին