Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արձանագրենք «Ռենշին» կառուցապատողի հերթական վայրագությունը։
Օրբելի փողոցի վրա գտնվող շենքը հանդիսանում էր ռազմական զորամասի ու հոսպիտալի գլխավոր դարպաս, վարչական մաս և ընդունարան։
Լուսանկարում պատկերված՝ մուտքի մոտ սյուներ ունեցող այս կիսավեր երկհարկանի տուֆակերտ շենքը ռազմական հոսպիտալի նախկին կենտրոնական վարչական մասնաշենքն ու անցագրային կետն է (ԱԿ)։ Համալիրը նախագծվել է միասնական ճարտարապետական ոճով և կառուցվել 1952 թվականին։ Այդ պատճառով թե՛ գլխավոր հիվանդանոցային մասնաշենքը, և թե՛ փողոցի ճակատային մասում գտնվող սյունազարդ անցման կետը կրում էին նույն ստալինյան նեոկլասիցիզմի ճարտարապետական տարրերը։ Օրբելի 23 հասցեի ամբողջ հոսպիտալային համալիրի, այդ թվում՝ անցագրային կետի (КПП) և վարչական մասնաշենքի ճարտարապետները եղել են Ռազմիկ Ալավերդյանը և Լուսիկ Ինջիկյանը:

Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Ռենշին»-ի սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանք հայտնի կառուցապատողներ են Երևանում, նրանց է պատկանում նաև «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Ինքոր» ներդրումային ընկերությունը։


