▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 22-ին լռությունը կճչա Թուրքիայում

Ապրիլի 22-ին   Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտում (ներկայիս` Դիարբեքիր) տեղի կունենա Ֆրանսիական Le Monde-ի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Լռության ճիչը» նկարների ցուցահանդեսը, կներկայացվի նույնանուն գիրքն ու վավերագրական ֆիլմը:

«Աշխատանքը սկսեցի երկրաշարժի ժամանակ, երբ արտասահմանցիների հետ եկել էի Հայաստան՝ օգնության ձեռք մեկնելու իմ հայրենակիցներին: Այդ ժամանակ սիրողական մակարդակով էի նկարում: Երկրաշարժից հետո ստեղծեցինք ծրագիր՝ հաշմանդամ և որբ երեխաներին օգնելու համար:  27 տարվա ընթացքում գնացի այն տեղերը, որտեղ հայ է եղել ու Ցեղասպանությունից հետո կա: Փորձել եմ ներկայումս արված նկարների միջոցով ներկայացնել անցյալը: Պատմական, էսթետիկ միջոցառում է լինելու»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագուջյանը:

Լուսանկարչի խոսքով՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի հրավերով է ցուցահանդես կազմակերպել, պատճառն էլ կա.

«Քրդերը հակասության մեջ են Էրդողանի հետ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք չի վախենում Թուրքիայում ցուցահանդես կազմակերպելուց՝ լուսանկարիշը պատասխանեց. «Վախի մասին չեմ մտածում, չնայած համոզված եմ՝ ամեն ինչ հնարավոր է այդ երկրում»:

Ինչ վերաբերում է խորագրին՝ Անտուան Ագուջյանը նկատեց.«Լուսանկարչությունը մի արվեստ է, որը ձայն չունի ու վերնագրել եմ այսպես՝ «Լռության ճիչը»: Այսինքն՝ լռությունը խոսում է»:

Անտուան Ագուջյանը ծնվել է 1961 թվականին՝ Ֆրանսիայում: Նրա մեծ տատն ու պապը Ցեղասպանության ականատեսներից են եղել:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին