ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնեց, որ ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող ընկերության տնօրեն Հ.Ա.-ն Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող հատվածում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներ ձեռքբերող ընկերության տնօրեն Ա.Կ.-ին է տրամադրել գնահատման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ իրական շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր կեղծ գնահատման հաշվետվություն։ Արդյունքում, հաշվետվության հիման վրա Ա.Կ.-ն խարդախությամբ հափշտակել է Վ.Գ.-ին և Ս.Յ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 370 մլն 700 հզր ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը՝ դրա դիմաց վճարելով ընդամենը գնահատման հաշվետվությամբ սահմանված 74 մլն 906 հզր ՀՀ դրամ։ Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով կատարված խարդախության փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելու Ա.Կ.-ին պատկանող անշարժ գույքի վրա 295 մլն 902 հզր ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քննչական կոմիտեն պաշտոնապես չէր հայտնել, թե ով է կառուցապատողը: Այս մասին տեսանյութ է ներկայացրել նաև Ոստիկանությունը՝ կրկին առանց անուններ նշելու։
ԱրմԼուր․am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ կառուցապատողը սիրիահայ Ավեդիս Կարագուլյանն է:
«Նրա առաջ «կանաչ լույս» էին վառել նախորդ իշխանությունները: Բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող նրա ՍՊԸ-ին՝ «Ավո ՖՄՀ» կազմակերպությանը, Հայաստանի կառավարությունը փոխանցել էր Աբովյան-Արամի փողոցներին հարող և դրանցով պարփակված ամբողջ տարածքը: Հողի նախկին տերերին Կարագուլյանը, ըստ նրանց, 1 քմ-ի համար ընդամենը 1000 դոլար էր առաջարկում, մինչդեռ Աբովյան փողոցում բիզնես տարածքների քառակուսին մի քանի անգամ ավելի թանկ արժե:
Սեփականատերերից ոմանք հարմարվում, փողը վերցնում ու հեռանում էին, մյուսները դիմում էին դատարան, համալրելով հանրային շահից տուժածների շարքերը:
Ավելին, Ավեդիս Կարագալույանը 2024 թվականին մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած «հայազգի հաջողակ տղամարդկանց» հետ ընթրիքին։ Դատելով իրավիճակից՝ ընտրիքը չփրկեց նրան»,-գրում է սկզբնաղբյուրը: