▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Կարծում եմ՝ իշխանություններին հայտնի է թե՛ զոհերի, թե՛ վիրավորների ստույգ թիվը»,- «Եռաբլուր»-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Նրանք գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով, այսինքն՝ եթե անունները տալիս ես, հասկանում ես՝ զոհվել է այսինչ աղջիկը, այսինչ տղան, երբ անունները չեն տալիս, զոհը դառնում է աբստրակտ»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ մոռացության տալու համար այն ցավն ու վիշտը, որ ունենք։

***

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս բնակավայրերը և խաղաղ բնակչությանը։
Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին։ Ըստ պաշտոնական հրապարակման, զոհվել է 3809 անձ։

Դիտեք նաև՝

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «44-օրյա պատերազմի կապիտուլյացիան ունի հստակ անուն՝ Նիկոլ Փաշինյան։
Ու տգիտության կամ քաղաքական անմեղսունակության ջատագովներ կարող են դիտարկվել բոլոր նրանք, ովքեր վերջինիս հետ միասին մեղավոր են ուզում կարգել նախորդ ղեկավարներին։
Նախկիններին /նախ և առաջ ՀՀԿ-ին/ ու ներկաներին /նիկոլիզմին/ հավասարաչափ մեղադրելը, նույնն է, եթե հերոս սպարապետ Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։
Չի կարելի համեմատել Դավիթ Բեկին ու մելիք Ֆրանգյուլին, Գարեգին Նժդեհին ու Ավիս Նուրիջանյանին։
Առաջիններն անկախության պայքարի մարմնավորում էին, երկրորդները՝ դավաճանության ու տմարդության։
Անթույլատրելի է նաև հայոց ազգին հաղթանակ պարգևած նախկին ղեկավարներին համեմատել Արցախը հանձնած Փաշինյանի հետ։
Նախկինը՝ հաղթանակ էր, ներկան՝ աղետ։
Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։
Նախկինը՝ Եռատոնն էր, ներկան՝ «էրատոն»։
Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։
Նախկինը՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։
Նախկինը՝ արժանապատիվ խաղաղության տեսլականն էր, ներկան՝ կապիտուլյացիայի ուրվականը»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել:
Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:
Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում:
Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ մոտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից:
Երբ պահեստազորի` նախապես հաստատված պլանների փոխարեն իրականացվում է ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զորքը համալրելու փոխարեն ընտրվում է անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էի, որի պարագայում այս պատերազմը չսկսված արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»։

***

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ պատգամավորները, Արցախի թեմի առաջնորդն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։

Լրագրողներն Արցախի նախագահին հարց են ուղղել՝ կապված հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության գործընթացի վերաբերյալ․ «Մենք ողջունում ենք ցանկացած խաղաղություն, որն ուղղված է խաղաղությանը, սակայն նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից։ Աչք փակելով այդ հարցի վրա՝ մեծ խնդիր են ստեղծում հետագայի համար»,- նշել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ հարցը պետք է ստանա լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով։

***

«Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի թեման չի փակվել․ «Ցեղասպանության համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի միջազգային հարթակներում։ Դա է պատճառը, որ Արցախի Հանրապետության իշխանությունների ու Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձննախումբ կա, որն աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Երկրորդը, պետք է պահպանվի Արցախի սուբյեկտայնությունը։ Երրորդը, բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասել է նա։

***

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:
Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը:
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնադակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ Հակոբյանին և 25-ամյա Յուրի Ադամյանին` փաթաթելով Հայաստանի ու Արցախի դրոշներով։
Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ծառայողները գրավեցին Հադրութի Ազոխ գյուղը և գլխատեցին գյուղի բնակիչ 80-ամյա Յուրի Ասրյանին: Հոկտեմբերի 28-ին գլխատեցին Ասկերանի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանին` գլուխը խոզի մարմնի վրա դրված. հենց ադրբեջանական զինվորականներն իրենք էին նկարահանել գլխատումների ամբողջ ընթացքը, որ հետո իրենց բացառիկ ցինիզմով տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:
Այս կերպ պատերազմի ընթացքում ու անգամ պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ։
Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:
COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կաթվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:
Ամբողջն ուղեկցվում էր հայերի նկատմամբ ռասիզմի, թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական պետական քաղաքականություն էր: Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են:
Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետություն ունենալով է լինում, որտեղ չկա ներքին պառակտում, որտեղ հանրային համերաշխությունն ու իրավունքը խաղաղություն են ապահովում նաև երկրի ներսում:
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակի առաջ, որոնք ընկան հանուն հայրենիքի»։

***

«Ինչո՞ւ սկսվեց պատերազմը․ Նիկոլ Փաշինյանի այնպիսի քայլերի արդյունքում, որոնք բացեցին Ալիևի ձեռքերը՝ անելու այն, ինչ արեց»,- «Եռաբլուր»-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ Փաշինյանն ինքնախոստովանական բազմաթիվ ցուցմունքներ է տվել, որոնք «կարող են հիմք հանդիսանալ իր մեծ դատավարության համար»։

***

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարտությունը դատավճիռ չէ: Պարտությունը հիվանդության պես մի բան է, երբ մինչև օրգաններդ շարքից դուրս չեն գալիս` չես գիտակցում, որ քեզ հետ մի բան այն չէ ու դու սխալ ես անում:
Այդպիսին է նաև 44-օրյա պատերազմի տված դասը, որն ամբողջությամբ ջարդեց մեր պատկերացումները Հայաստան պետության մասին:
Բայց այդ պետությունը միֆ չէր, ինչպես մեզ փորձում են համոզել 44-օրյա պատերազմը մեր դուռը բերած ու հազարավոր լուսավոր տղերքի կյանքը խաղատանը կորցրած երկրի ղեկավար պատասխանատուները:
Պարզապես մեր ուզած և պատկերացրած երկիրը 35 տարի սխալ ձեռքերում է եղել:
Դատավճիռ է ապրել պարտության կնիքը սրտում, հոգում, ուղեղում և մարմնի վրա պահելով: Իսկ օրվա իշխանությունները ամեն ինչ անում են, որ մենք բոլորս այդպես ապրենք, որովհետև եթե հանկարծ թույլ տանք մեզ մտածել, որ մենք կարող էինք կամ այսօր կարող ենք ուժեղ լինել, 2020 թ.-ից հետո իրենք իշխանություն չէին ունենա:
Փա՜ռք բոլոր ուժեղ տղերքին, ովքեր սեպտեմբերի 27-ից առաջ և հետո մինչև այսօր իրենց կյանքով ապացուցել են, որ պարտությունը դատավճիռ չի և հայրենիքը ավելի բարձր արժեք է, քան կարճատև քաղցր խաղաղությունը:
Նրանք գիտեին, որ եթե թշնամու առջև մի քայլ հետ ես գնում, թշնամին տասը քայլ առաջ է գալիս»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ընդդեմ Արցախի․․․

Այս մի նախադասության մեջ կա անսահման ցավ, պայքար, կորուստ ու օդում կախված հարցերի շարք։ Բայց հինգ տարի անց, մտածելով օրվա խորհրդի մասին, ես հասկացա, որ չեմ ուզում որևէ ղեկավարի հիշատակել այսօր. սա ինձ համար պայքարի ու կամքի բացառիկ օրինակ ցուցաբերած հազարավոր լուսավոր երիտասարդների հիշատակի ու նրանց կռվի և զոհողության առաջ խոնարհման օրն է։ Սա այն օրն է, երբ ևս մեկ անգամ հասկանում ես, որ դու հենց այդ պայքարից ես ուժ ստանում։ Ես իրենց կռվի համար հավերժ երախտապարտ եմ, ես իրենց պարտք եմ, պարտքի զգացողություն ունեմ հենց իրենց առաջ։ Գիտակցումը, որ այդ լուսավոր, երազանքներով լի տղաները, որոնցից շատերը ծնվել էին 2000, 2001 և 2002 թվականին, չկան այսօր, չկան, որովհետև սեր ունեին իրենց մեջ, պայքար, աննկուն կամք. չկան, որովհետև հավատում էին իրենց կռվին, որովհետև պաշտպանում էին թիկունքում մնացածներին․․․ Այսօր՝ հինգ տարի անց, հենց այդ թիկունքայինները չհանձնվելու, խելք հավաքելու, կամք դրսևորելու կարիք ունեն։

Գոռը, Դավիթը, Արսենը, Աշոտը, Գևորգը, Էրիկը, Համլետը, Լևոնը․․․ Տղաները վիճակագրություն չեն, կլորացվող թվեր չեն, նրանք լուսավոր, վառ անուններ են, սիրուն ժպիտներ են, իրենց հարազատների հենման կետն են, օդում մնացած երազանքներ են, սպասում, ցավ, կորուստ ու խոնարհում են։

Հարցեր կարելի է տալ տարվա մնացած այլ օրերին, իսկ այսօր նրանց լուսավոր անունների օրն է, նրանց աներևակայելի համառ պայքարը հարգելու և դրա առջև գլուխ խոնարհելու օրն է․․․»։

***

«Ամբողջ աշխարհը զինվում է, սրանք ռազմական բյուջեն են կրճատում։ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացնում է, սրանք ասում են՝ դա մեր դեմ չէ։ Իսկ Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում ո՞ւմ դեմ է պատերազմ մղել՝ ՌԴ-ի՞, Իրանի՞, Վրաստանի՞։ Էս ի՞նչ հիմարություն է»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ՊՆ բյուջեն կրճատում են, ֆեստիվառներինը՝ ավելացնում։

***

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Պատերազմի ու պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. սեպտեմբերի 27
5 տարի առաջ այս օրը սկսեց պատերազմը: Այն չէր լինի, եթե
-Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուն պես՝ 2018-ի մայիսի 9-ից, չդներ բանակցային գործընթացի տապալման հիմքերը,
-Նիկոլ Փաշինյանը պոպուլիստաբար չհայտարարեր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»,
-չվատացներ հայ-ռուսական հարաբերությունները, ինչից շտապելու էին օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը,
-չվարկաբեկեր մեր բանակն ու զինվորականներին,
-չմերժեր հակամարտության կարգավորման առաջարկները և առաջ չքաշեր անհեթեթ «Մյունխենյան սկզբունքները»,
-2020-ի ամռանը Տավուշի մարզում տեղի ունեցած բախումները չներկայացներ որպես Սարդարապատ ու Ադրբեջանին չմղեր պատերազմի:
Նիկոլ Փաշինյանը մեր պարտության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է: Նա պարտության ու պատերազմի խորհրդանիշ է, և թող չփորձի հայ մայրերին իրեն հանցակից դարձնել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին