
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խաչատրյանի մահվան դեպքի հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ այլ հանցավոր դրսեւորումների վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Խաչատրյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետեւանքով:
Բացի այդ, քննությամբ պարզվել են կրտսեր սերժանտի կողմից կատարված հանցավոր այլ դրսեւորումների՝ ծառայակիցներին վիրավորելու դեպքեր, պարզվել դրանց շարժառիթը։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:


