Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում, Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ու անօգնական ձիու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, հրապարակումից կարճ ժամանակ անց ձիուն օգնության հասան բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը և որ ամենակարևորն է՝ ձիու տերը, ով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում և երեկ արդեն վերադարձել է Հայաստան և անմիջապես օդանավակայանից եկել էր ձիու գտնվելու վայրը ու արդեն Մ․ Մանուկյանի և մի քանի քաղաքացիների օգնությամբ ձիուն տեղափոխել է նախկին կացարան, որը Զովունիում էր։
Պարզվել է նաև, որ փետրվարի 11-ին, ձիուն հարվածել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի վերաբերյալ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվել։
***
Արդեն 4 օր էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները խնամում էին վթարի հետևանքով աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնեկ էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները արդեն 4 օր է ֆերմաներից խոտ են գնում, կերակրում են ձիուն, քանի որ այն գտնվում է անօգնական վիճակում, չի կարողանում անգամ տեղաշարժվել։ Արդեն մի քանի օր է՝ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները չեն կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանան թե ինչ պետք է արվի։ Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը դեպքի մասին տեղեկացրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանին, ով ժամանել է և իրավիճակին տեղում ծանոթացել։ Ձին երեք տարեկան է և արու է։ |