Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենին առնչվող դեպքով՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Այդ հոդվածով նախատեված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հոդվածը նախատեսում է նաև կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։ Թիվ 11 դպրոցի աշխատակիցները տնօրեն Ռուզաննա Ազիզյանին մեղադրել էին մի շարք չարաշահումների մեջ։
Այս առիթով Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Ժողովուրդ ջան, երեկ՝ մայիսի 11-ին Երևանի Մոնթեի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ Մալաթիայի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել, մնաց նրան ամերիկաներից ետ բերել ու դատարանի առաջ կանգնեցնել։


