▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս լցվեց ու լաց եղա, ո՞նց հեռանամ ես ամենքից.Խաչիկ Մանուկյան

Գրականագետ Դավիթ Գասպարյանը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործություններին նվիրված «Հոգու հայելի» մենագրությունն է գրել, որի շնորհանդեսն էլ եղավ այսօր՝ Գրողների միությունում:

«Գիրքը բաղացած է երեք մասից: Առաջինը գրական միջավայրն է, որտեղ վերջին տարիների գրական բարքերին եմ անդրադարձել՝ բացասական ու դրական կողմերով, հաջորդ գլխում Խաչիկ Մանուկյանի քառահատոր ժողովածուի վերլուծությունն է: Երրորդ գլխում էլ արվեստի առանձնահատկության մասին եմ խոսում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Դավիթ Գասպարյանը:

Իսկ, թե ինչո՞ւ Խաչիկ Մանուկյանը, նկատեց.

«Իրեն համարում եմ այսօրվա մեր լավագույն պոետը: Մեկից պետք էր սկսել, չէ՞: Հետո կանդրադառնանք մյուսներին»:

«Առաջին մենագրությունն է իմ գրականության շուրջ, չնայած մեր մեծերի՝ Հրանտ Մաթևոսյանի, Սահյանի կողմից տարբեր գնահատականների արժանացել եմ: Իմ առաջին երեկոն Գրողների տանը կազմակերպել էր Վահագն Դավթյանը: Իսկ այս գիրքը ինձ էլ հետաքրքրեց.մտածում էի, թե այդ ի՞նչ եմ արել, որ Դավիթ Գասպարյանը մի ամբղջ գիրք է նվիրել իմ ստեղծագործություններին: Կարծում եմ՝ նրա վերլուծությունը շատ բանասերների կհետաքրքրի»,-նշեց Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծը շնորհանդեսի ավարտին ներկայացրեց նաև իր ստեղծագործություններից մեկը.

ՋՐՀԵՂԵՂ

Տիրոջ կամոք նավ շինեցի՝
Նոյի նավից մի քիչ պուճուր,
Բաժինն առա հոգեհացի
Նրանց, որ պիտ դառնային ջուր։

Զարկ եղավ ու լուսավորվեց,
Տերը ասաց՝ դե՛, բարձրացի’ր –
Մի ակնթարթ, մի պահ տևեց,
Ու սլացավ երկինքն անծիր։

Սիրտս լցվեց ու լաց եղա
Ո՞նց հեռանամ ես ամենքից. –
Չէ,-ասացի,– Տեր ջան, չեղա՜վ,
Ինձ էլ խեղդիր քո բարձունքից։

Տապանի մեջ ինձ կսպանի
ճիչը մեռնող մոր ու մանկան,
էդ անիրավ դատաստանին
Նեռի որդիք թոդ միայն գան։

-Նոյ, ի՞նչ տեսակ մարդ ես եղել
Որ տապանն ես ելել անհոգ,
Երբ մահ է քո շուրջը հեղել
Աշխարհավեր շունչն անողոք։

Ինձ չես փրկել, չե՛ս փրկել, Նոյ,
Մինչև հիմա խեղդում ես ինձ,
Ես մանուկն եմ այն վիրավոր՝
Ձեռքը կառչած քո տապանից։

Հե~ յ, Ղամեքի անսիրտ որդի,
Քո փրկածը ողբ է ու մահ…
Ջրհեղե՛ղը ինձ կփրկի.
-Տեր, տապանը թող քեզ մնա։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее