Life.panorama.am-ը գրում է. Թեպետ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում վերջին օրերին հարաբերական խաղաղ է, բայց անհանգստությունը շարունակվում է:
Շոումեն, հաղորդավար Սամվել Գրգորյանը, ում որդին ևս ժամկետային զինծառայող է, հայ զինվորի անկոտրում կամքն ու տեսակը վերագրում է ոչ միայն հայի գենետիկ կոդին, այլև նրանց ծննդյան տարեթվերին.
«Այսօր սահմանին կռիվ տվող զինվորները հենց այն նույն երեխեքն են, ովքեր ծնվեցին 90-ականների պատերազամական և հետպատերազմական տարիներին, նրանք մեր անկախության ծնունդներն են ու ես չեմ զարմանում, որ նրանց մեջ այդքան ուժեղ ու զորեղ է հայրենիքի հանդեպ սերը, չէ որ նրանք դեռ իրենց մայրերի կրծքի տակ են զգացել հայրենիքի արժեքը, նրանք իրենց ծնված օրից են տեսել, թե ինչ է նշանակում սիրել ու փայփայել հայրենիքը, ինչ է նշանակում պայքարել ու կռիվ տալ հանուն հայրենիքի: Չէ որ տարիներ առաջ էլ նրանց ծնողներն են կռիվ տվել ու պաշտպանել մեր հայրենիքը»,- կայքի հետ զրույցում նշել է Սամվել Գրիգորյանը:
Շոումենի խոսքով՝ մի քանի օրվա լարված իրավիճակից հետո իրենց տանն էլ հարաբերական անդորր է.
«Ի ուրախություն ողջ հայ ազգիս ՝ անհանգստությունը կարծես թե հետևում է մնացել, հուսանք այլևս նման լարված իրավիճակում չենք հայտնվի և անդառնալի կորուստներ չենք ունենա: Փառք Աստծո, որդուս հետ խոսել եմ, ամեն ինչ նորմալ է: Վստահ եմ, որ մեր բոլոր զինվորներն են իրենց լավ զգում, քանի որ մեր պահանջն արդար է ու որքան էլ միջազգային հանրությունը իր թույլ օգնությունն է ցուցաբերում, բայց արդարությունը միշտ էլ հաղթում է: Համոզված եմ, որ շատ շուտով աշխարհը կվերանայի իր հայացքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ու ամեն ինչ կտանի դեպի արդար հաղթանակը»,- նշել է նա ու հավելել, որ որդին ութ ամսից կավարտի ծառայությունն ու տուն կվերդառնա:
Որպես զինվորի ծնող՝ Սամվել Գրիգորյանը նկատել է.
«Այս օրերին չպետք է տարանջատել իմ որդին, հարևանի որդին, թե անծանոթի որդին, չէ որ բոլորն էլ մեր որդիներն են: Այսօր կարծես թե համայն հայությունը երկու ձեռք ունի՝ մի ձեռքով արցունքներն է սրբում, մյուսով՝ ծափ տալիս մեր զինվորներին, ովքեր կանգնած էին մեր սահմաններին՝ չխնայելով անգամ կյանքը: Մենք հպրատանում ենք ու միշտ պետք է հպարտանանք այսօրվա մեր նոր սերունդով, մեր երիտասրադները ոչ միայն գրագետ են, ինֆորմացված ու խելացի, այլեւ ուժեղ, անկոտրում ու անբացատրելի հայրենասեր: Մի՞թե այսօր ավելի մեծ երջանկություն կարող է լինել, քան այն, որ մեր երիտասարդները պատրաստ են կյանքը տալ անգամ հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր ընտանիքի, ընկերոջ կամ սիրած աղջկա»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում