Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։ Որոշման համաձայն՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։ Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշումը, որով մինչ այժմ կարգավորվում էին խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության հետ կապված հարցերը։ Այսպիսով, ընդունված որոշմամբ հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում։ Այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ավելին, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է որևէ մասնագիտական գործունեություն ծավալել։
Արգելվում է մուտք գործել մեծածավալ առարկաներով, այդ թվում՝ պարկերով, ճամպրուկներով և մեծ պայուսակներով (բացառությամբ համակարգչային պայուսակների և թղթապանակների)։ Արգելված են նաև քիմիական, պայթուցիկ ու դյուրավառ նյութերը։ Կանոններում նշվում է, որ այցելուները պետք է ունենան «պատշաճ արտաքին տեսք»։ Մասնավորապես, արգելվում է մուտք գործել մարզական կամ հատուկ աշխատանքային հագուստով, ինչպես նաև «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։ Կանոններն ունեն նաև բացառություններ․ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման (անարգել) մուտքի և ելքի իրավունք ունեն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ուղեկցող անձինք։ Տրանսպորտային միջոցների դեպքում նույնպես նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաներն անցնում են առանց զննության։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Իսկ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվողներին արգելվում է օգտագործել ֆոտո, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։ Աշխատանքային օրերին ԱԺ աշխատակիցների համար մուտքն ու ելքը թույլատրվում է ժամը 08:00-ից մինչև 22:00-ն։ Լրագրողների համար սահմանված է 08:00-19:00-ն, սակայն եթե ԱԺ նիստերը շարունակվում են, նրանք կարող են մնալ մինչև նիստի ավարտը։ Աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է անջատել էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել սենյակի դուռը։
Կանոններն ամբողջությամբ՝ այստեղ։
***
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում
Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։
Այսօր նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին։
«ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ
փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց աշխատանքի համար սահմանվում է հատուկ առանձնացված տեղ։
«Հատուկ վերահսկելի գոտիներում» առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։
Լրացուցիչ վարչական խոչընդոտներ են ստեղծվում ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար։ Հանձնաժողովների նիստերը լուսաբանելու համար լրագրողների ցուցակագրում է սահմանվում, որը
պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Նման բան երբեք գոյություն չի ունեցել։
Փաստացի, լրագրողներին արգելվում է տեսանկարահանել ԱԺ դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ԱԺ ուղիղ հեռարձակումն անջատվի, ԶԼՄ-ները այլևս դահլիճում կատարվողը տեսանկարահանելու հնարավորություն չեն ունենա։
Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս սահմանափակումը, ըստ էության, հնարավոր ապօրինի հրահանգների կատարումը չարձանագրելու, չֆիքսելու համար է։
Այս սահմանափակումները որևէ կերպ չեն կարող հիմնավորվել` որպես անվտանգության համար անհրաժեշտ և համաչափ միջոցառումներ։
Սրանք պարզապես խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետև, խոսքի ազատությունը ներառում է նաև լրագրողների իրավունքը՝ հավաքելու և տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում ու հատկապես հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ։
Որոշման հավելվածը` այստեղ»։


