Sputnik Արմենիա-ն գրում է. «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն էր բրիտանական դերասանուհի, Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ժակլին Բիսսեթը, որը մեզ հետ էքսկլյուզիվ հարցազրույցում պատմեց իր վախերի և բարդույթների, կանացի անկախության և կինոյի կախարդանքի մասին։
- Ձեր մասին խոսելիս, շատ հաճախ հիշատակում են Ձեր «անկախ կնոջ» կերպարը` թե խաղահրապարկում և թե կյանքում: Ինչ եք կարծում չափազանց անկախ լինելը կնոջ համար միայն առավելություն է, թե կինը երջանիկ է միայն որոշակի կախվածության դեպքում։
— Բանն այն է, որ անկախությունը իմ ապրելակերպի մի մասն է և այդ մասն է դարձել կյանքիս վաղ շրջանում, երբ ես դեռ մանուկ էի: Մայրս ծանր հիվանդացավ, երբ ես 15 տարեկան էի: Հետագա 14 տարիներին ես ստիպված էի տանել այդ բեռն իմ ուսերի վրա և դրան զուգահեռ նաև աշխատել ու փորձել կերտել սեփական կյանքս: Եղբայրս սովորում էր, հայրս՝ աշխատում, և ես թիկունքում ոչ ոք չունեի, որի վրա կարողանայի հենվել: Ես նաեւ չէի ուզում կրկնել ծնողներիս անցած կյանքը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ ոքից կախում չունենալ: Հետո կյանքս սկսեց լցվել ճամփորդություններով, որոնք նույնպես ստիպում են լինել ինքնուրույն և անկախ:
- Բայց առաջին քայլերը արեցիք ոչ թե որպես դերասանուհի, այլ որպես մոդել:
Ի՞նչը Ձեզ ստիպեց մտնել կինոյի աշխարհ: Գուցե դուք որոնում էիք ավելի շատ Ձեր ներաշխարհը, քան արտաքինը արտահայտելու միջոց:
— Դա չէին կանխատեսել անգամ ծնողներս: Մայրս հույս ուներ, որ ես իր պես կսովորեմ համալսարանում, հայրս էլ մտածում էր, որ շուտով կամուսնանամ, բայց նրանք սխալվում էր: Ես շատ կապված էի հորս հետ ու շատ էի նրան հարգում, բայց վստահ եմ, որ հազիվ թե նա պատկերացումներ ուներ իմ իրական երազանքների մասին: Ես շատ էի սիրում բալետ, տարբեր տեսակի արվեստ և արհեստ ու մտածում էի, թե ինչը կարող է միավորել այդ ամենը: Հետո հասկացա…կինոն:
- Համաձա՞յն եք, որ արտաքին տեսքը դերասանուհու համար ունի նաև բացասական կողմեր: Օրինակ` հաճախ շլացնող արտաքինը ուշադրությունը կենտրոնցնում է միայն իր վրա, դառնալով խոչընդոտ ներքին բովանդակությունը տեսնելու համար:
— Ասում են, որ կա նման բան: Մանկության տարիներին հայրս ամեն ինչ անում էր, որպեսզի չկենտրոնանամ արտաքին տեսքիս վրա, ասելով` «դու ոչ մի կապ չունես արտաքինիդ հետ, այն քեզ ժառանգվել է ծնողներիցդ, ավելի լավ է կենտրոնանաս այն բաների վրա, որոնք ինքդ կարող ես ստեղծել քո կյաքում»:
Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ իմ արտաքինը բարդույթի պես մի բան էր: Ես միշտ մտածում էի իմ անհատականության մասին, և արտաքինը երբեք չի եղել իմ առաջահերթությունների ցանկում:
Կար ժամանակ, երբ ես ոչ մի պատկերացում չունեի իմ արտաքինի մասին ու երբ գնացի Հոլիվուդ, այնտեղ շատերը ինձ ասում էին՝ «Դու այդպիսի արտաքինով պետք է ստիպես որևէ մեծահարուստի ամուսանալուծվել և ամուսնանաս քեզ հետ»: Այնտեղ դա ընդունված էր, իսկ ինձ համար դա չափազանց խորթ էր:
- La femme fatale (ճակատագրական կին)…
— Այո, նման մի բան (ծիծաղում է)
Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում