Ստրասբուրգում ընթացող «Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, պատասխանելով հայ լրագրողի հարցին, համաձայնվել է վերջինիս հետ:
Այս հանգամանքը չի վիրպել թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի ուշադրությունից, որը լուրը վերնագրել է «Քըլըչդարօղլուն համաձայնել է հայ լրագրողի դիտարկման հետ»: Հայ լրագրողի հարցը վերաբերում էր պոպուլիզիմին։
Նա այն դիտարկումն է անում, որ պոպուլիստները երկարաժամկետ հեռանկարում հաջողության չեն կարող հասնել և հարցնում թուրք գործչին, թե նա ինչ կառաջարկի պոպուլիսներին համոզելու համար։ Հարցին Քըլըչդարօղլուն հետևյալ կերպ է պատասխանել.
«Պոպուլիստներին համոզելու կարիք չկա, պետք է ժողովրդին համոզել, գնալ դեպքի ժողովուրդը, նստել և ճշմարտությունն ասել, ներկայացնել, թե պոպուլիզմն հասարակությանը ինչպիսի աղետների մեջ է գցում:
Երևանից եկած ընկերն ասում է, որ պոպուլիստները երկարաժամկետ հեռանկարում հաջողության չեն կարող հասնել: Ճիշտ է ասում, չեն կարող: Սակայն այդ ժամանակի ընթացքում ժողովուրդը ծանր կվճարի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ժողովուրդը ծանր գին վճարի, պետք է պայքարեք պոպուլիզմի դեմ»:


