Life.panorama.am-ը գրում է. Այսօր` հունվարի 28-ին, աշխարհի բոլոր հայերը նշում են Հայոց հաղթական բանակի տոնը: Մեր անպարտ բանակն այսօր 25 տարեկան է: Բանակը մեր ուժն է, մեր վստահությունը: Այսօրվա տոնը բոլորինս է, շնորհավորանքներ էլ պետք է հնչեն ոչ միայն զինվորականներին, այլեւ անկախ կոչումից` բոլորին:
Կայքի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» երիգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր շնորհավորական խոսքը հղեց բոլորին.
«Սրտանց շնորհավորում եմ ոչ միայն բանակային մարդկանց, ոչ միայն նրանց, ովքեր պատիվ ունեն մեր բանակի ուսադիրները կրել: Դարեր ի վեր մեր պապերի երազանքն է եղել Հայոց բանակ ունենալ ու լինել Հայոց բանակի զինվոր, զորական, եւ այն, որ այսօր բոլորիս է պատիվ տրված թեկուզ պահեստազորի կամ գործող բանակի զիվորի, սպաի կոչում ունենալ, արդեն իսկ շատ մեծ հարգանք է: Ես շատ կցանկանայի լինել սեփական բանակի զինվոր կամ մարշալ, ավելի մեծ պատիվ, քան կրել Հայոց բանակի ուսադիրը, չկա աշխարհում: Սրանից ելնելով էլ նախ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ունեն հայրենիքի պաշտպանն ու հպարտությունը լինելու պատիվը, նրանք այսօր կերտում են հայոց արժանապատվությունը, հայոց պետականության արժանապատիվ էջը: Վստահ եմ, որ այսօրվա բանակից զորեղն անգամ ֆիդայական շարժման ժամանակ չենք ունեցել, որը գուցե ավելի պոռթկուն ու գաղափարական էր, բայց, միեւնույն է, այսօրվա զորությունը չուներ: Իսկապես, մենք այսօր պիտի գնահատենք մեր բանակի զորությունը, մաղթենք նոր հաղթանակներ, որովհետեւ մեր տարածաշրջանում, վստահ եմ, երկարատեւ խաղաղություն չի կարող լինել ու խաղաղության իմ մաղթանքներս պատրանքներ են: Պիտի մաղթենք հաղթական ոգի, ավելի սպառազինվենքն ազգային գաղափարախոսությամբ, մտածենք, որ հայ մտավորականը, գիտնականը պիտի կանգնած լինի Հայոց բանակի կողքին, հայոց ռազմական արդյունաբերությունը պիտի լինի ազգային բանակի հիմքը եւ այդ դեպքում մենք կլինենք անպարտելի բանակ: Այդ դեպքում, վստահ եմ, այն արհավիրքները, որոնք թուրք են կոչվում կամ մեծ գերտերությունները կլինեն անմատչելի, այդ ժամանակ նրանք մեզ համար չեն կարողանա վտանգավոր լինել»,- նշեց Գագիկ Գինոսյանը:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում


