«Կառավարության ծրագիրը ոչինչ չասող բայերի հավաքածու է՝ ամրապնդել, մշակել, բարելավել և այլն: Ոչ մի խոսք՝ մեխանիզմների մասին: Գնալով պակասում է կրթության բարեփոխմանն ուղղված գումարների չափը: Այս տարվա միասնական քննություններն էլ ապացուցեցին, որ նախորդ բարեփոխումները անօգուտ են եղել: Հատկապես բնագիտության ոլորտում սարսափելի վիճակ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հավելեց. «Այլևս ոչ ոք խոսքին չի հավատում, հասարակությունն ուզում է քայլերը տեսնել: ԵՍ չեմ հիշում կրթության մասին կառավարության մի ծրագիր, որտեղ վատ մտքեր են եղել: Միշտ խոսել են կրթության որակի բարձրացման, աջակցության մասին: Գեղեցիկ մտադրություններ են միայն: Ես ուզում եմ վաղը կարդալ այն մասին, որ մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց երեխաներին հանել են էլիտար դպրոցներից ու սովորական դպրոց են տարել, քանի որ ցանկանում են, որպեսզի իրենց երեխաներն էլ սովորեն այն դպրոցներում, որոնք իրենք բարեփոխում են»:
Հիշեցնենք, որ Կառավարության հաստատած 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2018 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.18%-ը, 2019 թվականին` 1.99%-ը և 2020 թվականին` 1.85%-ը:
Սերոբ Խաչատրյանն ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ կառավարությունը հաստատել է 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այսպիսով, կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2018 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.18%-ը, 2019 թվականին` 1.99%-ը և 2020 թվականին` 1.85%-ը: Այսպիսի խայտառակ ցածր ցուցանիշ ունեցող երկիր աշխարհում դժվար կգտնեք։ Միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4%-ը։ Եթե կրթության որևէ մասնագետի ասեք, որ ձեր երկիրը 2%-ից ցածր է հատկացնում կրթությանը, ապա պարզապես լուրջ չեն ընդունի ձեզ։ Օրինակ՝ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը 2.2% է տալիս կրթությանը, Բենինը և Բուրկինա Ֆասոն՝ 4%ից ավել։ Այսպիսով՝ Հայաստանի կրթության կարգախոսը հետևյալն է. գեղեցիկ խոսքեր‚ հավակնոտ ծրագրեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»։
Անի Կարապետյան


