ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, Քարին տակի հերոսամարտի 25-րդ տարեդարձին նվիրված՝ մի խումբ երիտասարդներ ուխտագնացություն են կազմակերպվել:
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նախ կազմակերպվել է հոգեհանգստի արարողություն, ապա ուխտագնացության մասնակիցները Շուշիից քայլերթով շարժվել են դեպի Քարին տակ գյուղ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին և ծաղկեպսակ են դրել նրանց հուշարձանին: Դրան հետևել է հուշ-ցերեկույթ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը նշել է, որ երիտասարդների համախմբմանն ուղղված ծրագրի նպատակն էր նպաստել նրանց հայրենաճանաչողության բարձրացմանը: «Մենք հատուկ ընտրել էինք հիմնականում այն երիտասարդներին, ովքեր առաջին անգամ էին Քարին տակ գյուղ այցելում: Նման միջոցառումները շարունակական են լինելու»,- հավելել է Դ. Ղուկասյանը:

Ուխտագնացություն վերջում երիտասարդները շուրջպար են բռնել:


