▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսումնասիրություններ՝ գազավորված ըմպելիքի շուկայում. մի շարք սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկայում: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաեւ սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը եւ փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:

Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներ՝ սննդի կառույցներին, գույքին, սարքավորումներին, անձնակազմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով՝ տրվել են նաեւ հանձնարարականներ եւ սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն եւ տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաեւ մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները ներկայացված են Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական (ՄՄ ՏԿ 022/2011) կանոնակարգում: Մակնշման մեջ ներառվում է նաեւ սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին տեղեկատվությունը՝ համաձայն «Փաթեթավորման անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին եւս մեկ անգամ հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի, «Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի եւ պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»:

ՍԱՊԾ-ն ներկայումս շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում եւ հետագծելության սկզբունքով առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր եւ սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում,  ինչպես նաեւ այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее