Այն բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մերժեց փոխել «Սասնա ծռեր»-ի գործով անցնողների խափանման միջոցը և նրանց ազատել, մարդիկ դուրս եկան փողոց և փակեցին այն:
«Նիկոլ, միացիր», «Պայքարը դեռ չի ավարտվել»,-վանկարկում էին նրանք:
Տեսանյութը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից:

Ժիրայր Սեֆիլյանի որդին՝ Պետո Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում , մասնավորապես, գրել է.
«Ժողովուրդ ջան խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին մի քննադատեք այն բանի համար, որ քաղբանտարկյալներին չի ազատում:
1. Նիկոլն ուզում է հարցը լուծել իրավական ճանապարհով եվ ոչ քաղաքական այդ իսկ պատճառով պիտի միքիչ սպասենք: Գիտեմ հիմա կասեք, որ մարդիկ քաղաքական պատճառով են բանտարկվել պիտի քաղաքական որոշումով էլ ազատ արձակվեն, սակայն մենք վախենալու բան չունենք հարցը իրավական դաշտ տեղափոխելու, քանի որ լրիվ շինծու գործեր են ամբողջությամբ սեռժիկի և վովայի ֆանտազիայի արդյունքն է :
2 Դատական համակարգը և ՔԿՀ-ներում առայժմ սեռժիկի մարդիկ են գերիշխում և մաքրման պրոցեսը դեռևս այնտեղ չի հասել:
3.Նիկոլը առայժմ ընդամենը 2 օր է ինչ վարչապետ է , որոնցից մեկը ոչ աշխատանքային ինչ էիք սպասում որ հենց առաջին օրը բոլորին միանգամից ազատ արձակի? Սպասենք մի 2 օրից ավելի քան վստահ եմ , լավ նորությունները գալու են իրար հետևից:
Բոլորն էլ ազատ են արձակվելու:
4.Հուսով եմ գիտեք ,որ ես առաջին շարքերից եմ ով անհամբերությամբ սպասում է , հայտնի պատճառներով։
#Դուխով#ԱզատությունՔաղբանտարկյալներին» :

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը:
Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրանց ազատ արձակելու մասին միջնորդություն: Պաշտպանը նշեց նաև, որ դատաքննություն նշանակելու որոշմամբ դատարանը անփոփոխ է թողել կալանավորումը, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ, այսինքն՝ կալանավորումն ապօրինի է:

Կալանքից ազատելու միջնորդություններ ներկայացրին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները: Նրանցից Մուշեց Շուշանյանը հայտարարեց, որ մինչ օրս «Սասնա ծռերին» կալանքի տակ են պահել բացառապես քաղաքական նպատակներով, և քանի որ երկրում հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել, նրանց հանդեպ պետք է կիրառել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում:
Արայիկ Հակոբյանի ու Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս գտավ, որ դատարանն անհապաղ պետք է ազատ արձակի անձանց՝ երկրում իրավիճակ է փոխվել:
Հիշեցնենք, որ վերջերս փոխվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ «Սասնա ծռերին» միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը. նա ազատ արձակվեց:



