▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախաքննական մարմինը Մարատ Ղուկասյանի դեմ վարույթ է նախաձեռնել. խաբվածների թիվն աճում է

«Հետքը» գրում է․ «Մարդկանցից խաբեությամբ գումարներ վերցրած Մարատ Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին «Հետք»-ին հայտնել է Քննչական կոմիտեն: 

21-ամյա Մարատ Ղուկասյանը մարդկանցից գումարներ է վերցրել դասընթացներ կազմակերպելու համար, սակայն այդ դասընթացները չեն կայացել։

Նրա այս գործունեության մասին հոդվածի հրապարակումից հետո «Հետքը» տասնյակ զանգեր և նամակներ է ստացել։ Քաղաքացիները դիմել են խմբագրություն և պատմել, որ իրենք նույնպես տուժել են Մարատ Ղուկասյանի գործունեությունից։ Ավելին, հոդվածի հրապարակումից հետո էլ Մարատ Ղուկասյանը շարունակում է նոր մարդկանց ներգրավել ՝ առաջարկելով աշխատանք և դասընթացներ։

Մարատ Ղուկասյանը կապ էր հաստատել հոդվածի հերոսների հետ և ասել, թե շուտով իրավական գործընթաց է սկսելու նրանց դեմ։

Քանի որ հոդվածը հրապարակելու պահից մինչ օրս բազմաթիվ բողոքներ ու արձագանքներ  ենք ստանում, առանձնացրել ենք մի քանիսն ու ներկայացնում ենք ընթերցողին։

«Մարատը ինձ էլ է խաբել, SMM մասնագետի հաստիքով աշխատանքի հայտարարություն էր տեղադրել, որտեղ նշած էր` որպես անդամավճար պետք է 10 000 դրամ վճարել, բայց դրա դիմաց շատ քիչ զբաղվածությամբ աշխատանք էր առաջարկվում, ու էդ աշխատանքը անընդհատ հետաձգվում էր: Իրեն ասում էի` պայմանագիրը ուղարկիր, անընդհատ անհիմն պատճառներով չէր ուղարկում ու գումարս մի 3 ամիս չէր փոխանցում, զանգերիս չէր պատասխանում։ Ծանոթներ գտա, զանգեցի, սպառնացի ու վախից փոխանցեց, հիմա եմ հասկանում` ինչու է հիմնականում աղջիկների թիրախավորում»,- հոդվածի մեկնաբանություններում գրել է Վահեն:

Քնարիկը (ազգանունը չենք հրապարակում իր խնդրանքով) հրապարակումից հետո դիմել է  «Հետքի» խմբագրություն և պատմել, որ ինքն ու ընկերուհին նույնպես Մարատ Ղուկասյանի գործունեության զոհն են։ Նա ճանաչում է առնվազն 10 հոգու, որոնք տուժել են։ Փետրվար ամսին, երբ SMM մասնագետի աշխատանք փնտրելիս հայտարարություն է գտել, Մարատ Ղուկասյանն ասել է, թե որպես անդամավճար պետք է 10 000 դրամ փոխանցի հիմնադրամին, այդ ժամանակ Մարատը ներկայանում էր որպես «Այդիա» հիմնադրամի ներկայացուցիչ։

«Մարատն ասաց, որ 10 000 դրամ պետք է փոխանցենք հիմնադրամի հաշվին, առաջարկեց նաև չփոխանցել գումարը, բայց հետո ամեն ամիս իմ ստացած աշխատավարձից պետք է հարկ մուծեի, ինձ այդպես էր բացատրել, ասում էր, որ ՊԵԿ-ում պետք է հարկերը վճարի։ Ես էլ մտածեցի, որ ավելի լավ է միանվագ անեմ վճարումը և ստիպված չլինեմ գումար մուծել ամեն ամիս, նա ինձ ավելացրեց ինստագրամյան մի խմբում, որտեղ մոտ 40 մասնակից կար»,-պատմում է Քնարիկը։

Խմբի մասնակիցները երկու անգամ օնլայն քննարկում են արել, խոստացված աշխատանքն այդպես էլ չեն ստացել։ Երբ սկսել են բողոքել, Մարատն ասել է, որ վերապատրաստում պետք է անցնեն, որը սկզբում պետք է կազմակերպվեր մայիսին, ապա՝ հունիսին և, ի վերջո, տեղափոխվեց հուլիս։

«Ես ու ընկերուհիս, ամենատարբեր միջոցներն օգտագործելով, կարողացանք մեր վճարած գումարը հետ ստանալ, ինքը միայն համաձայնում էր այն դեպքում վճարել, երբ զգում էր, որ հետագայում կարող է վտանգավոր պատմության մեջ հայտնվել։ Երբ որևէ հարց էինք տալիս աշխատանքի, դասընթացների մասին, ամեն ինչ բարդում էր ՊԵԿ-ի վրա և ասում, որ խնդիրն իրենց մոտից է»,-ասում է նա։

Մարատ Ղուկասյանը նախկինում ներկայացել է «Իդեա» հիմնադրամի անունից։ Քնարիկի հետ նա հենց այդ կազմակերպության անունից է պայմանագիր կազմել։ Երբ երկար ժաանակ ինքն ու մյուս մասնակիցները փորձել են գումարները հետ ստանալ, Մարատն ասել է, թե «Իդեա /«Idea»-ի նախագիծը ձախողվել է, ինքն էլ դուրս է եկել այդ կազմակերպությունից, հիմա արդեն «Արֆի» կազմակերպությունում է։ Քնարիկի պատմելով՝ Մարատը հաճախ էր ջնջում սոցցանցերի օգտահաշիվներն ու բացում նորերը։

Գումարները փոխհատուցելու համար Մարատն առաջարկում էր ֆեյսբուքյան տարբեր խմբերում աշխատանքի հայտարարություններ տեղադրել, որպեսզի նոր ներգրավված մարդկանց հաշվին փոխհատուցի մյուսների գումարները։

«ԻՆԵԴՆԵԹ» կազմակերպության համահիմադիր Հարություն Ծատրյանն էլ պատմեց, թե ինչպես է պարզել՝ ով է Մարատ Ղուկասյանն ու ինչով է զբաղվում։ «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներով սեփական փորձի փոխանակման և գործունեության համար ունենք խմբային չաթ։ Մարատի ու վերջինիս գործունեության մասին լսեցի այնտեղ, ինչ-որ մեկն էր խմբում տեղադրել այդ երիտասարդի մասին։ Տեղեկացա, որ երբեմն ներկայանում է, իբր թե, նախկին ֆուտբոլիստ է կամ ֆուտբոլային գործունեություն է իրականացնում, ակումբի նախագահ է։ Հերթական ստերից է, իհարկե։ Հայաստանում ֆուտբոլի մասով ինչ կա-չկա՝ տեղյակ եմ 2005 թվականից սկսած, երբ մարզական լրագրությամբ եմ սկսել զբաղվել։ Լսելով Մարատի ֆուտբոլային գործունեության մասին՝ զարմացա. ինչո՞ւ է ինձ անհայտ։ Ավելին, վստահ չէի, որ այդպիսի գրանցված ակումբ կա՝ «Վաղարշապատ ՖԱ», չկար այդպես էլ»,- պատմում է նա:

Երբ Հարություն Ծատրյանը պարզել է, որ Մարատ Ղուկասյանը որևէ ֆուտբոլային ակումբ չունի, իր կազմակերպության շրջանավարտներին հորդորել է հեռու մնալ Մարատ Ղուկասյանից, որպեսզի չտուժեն։

«Մարատի մասին լսեցինք նաև Հայաստանի Էրազմուսի գրասենյակի նախկին ղեկավար Լանա Կառլովայից։ Վերջինիս մի երիտասարդի ծնող էր դիմել։ Մարատը խաբել էր, կեղծ հրավերներ էր ներկայացրել՝ իբր թե ինքը Էրազմուսի գրասենյակից է կամ առնվազն պատասխանատու է այդ երիտասարդի՝ արտերկրում սովորելու մասով։ Գանձել էր գումար, բայց երիտասարդը այդպես էլ չէր գնացել արտերկիր։ Այս պատմությունը իսկապես անհանգստացնում էր ինձ ու մեր կազմակերպությանը, քանի որ այդ տեսակ խարդախների պատճառով հաճախ, հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ, երբեմն վատ ֆիդբեք՝ հետադարձ կապ ենք ստանում Հայաստանի ու հայ երիտասարդների մասին։ Հետագայում իմացանք, որ Մարատ Ղուկասյան է, այլ ոչ թե Ալեքսանյան ինչպես ներկայանում էր»,- պատմում է Հարություն Ծատրյանը։

Նա անձամբ տեղեկացրել է ԿԳՄՍ երիտասարդության հարցերով պատասխանատուներին, որ կա Մարատ Ղուկասյան անուն-ազգանունով մի երիտասարդ, որը ներկայանում է նաև նախարարության անունից՝ որպես խոսնակ, նախարարության աշխատակից։

«Մեկ այլ դեպք էլ տեղի ունեցավ, երբ մեր շրջանավարտների շրջանում հարցում արեցինք, պարզվեց եղել են աղջիկներ, որ տուժել են այդ երիտասարդի գործունեությունից, բայց կորուստը 20-30 հազար դրամ է, և Մարատը խոստացել էր վերադարձնել, Ոստիկանություն չէին դիմում։ «Հետք»-ի հրապարակումից հետո, հուսով եմ, բոլորը կդիմեն ու կդիմեն միասնական հայցով, քանի որ եթե 50-60 հոգի միասին դիմի, ապա խարդախության, դրամաշորթության չափը կմեծանա, որը ակամայից կստիպի ՀՀ իրավապահ մարմիններին մատը մատին տալ, գործ անել»,-ասում  է նա։

Լիլիթ Առաքելյան էլ պատմեց, որ Մարատը փորձել է սիրահետել որոշ աղջիկների, որպեսզի իր դեմ բողոքներ չներկայացնեն, կամ իրենց գումարների վերադարձ չպահանջեն։ Տուժողներից ձեւավորված մի խումբ դիմել է Ոստիկանություն։ Նրանցից խաբեությամբ ստացված գումարի չափը մոտենում է 1,000,000 ՀՀ դրամի։

«Հետք»-ին դիմած Աննա Հարությունյանն ու քույրը 30 000-ական դրամ են փոխանցել հայոց լեզվի և անգլերենի վերապատրաստում անցնելու համար, որպեսզի հետո անցնեն աշխատանքի։ Մարատի մասին «Հետքի» հոդվածը տեսնելուն պես նա անհանգստացած զանգահարել էր խմբագրություն և հետաքրքրվում էր՝ դասընթացները կկայանա՞ն, թե՞ ոչ։ Մարատը քույրերին աշխատանք էր առաջարկել հոդվածի հրապարակումից հետո։

Մարատ Ղուկասյանը հոդվածի հրապարակումից հետո «Տելեգրամ» հավելվածի խմբում հայտարարել է, թե հրապարակումը միտված է իր անունը պախարակելուն, որպեսզի Վաղարշապատի առաջիկա ընտրություններում չկարողանա թեկնածություն դնել։

Ներքին գործերի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Ոստիկանությունը հաղորդումներ է ստացել Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ, դրանք ուղարկվել են նախաքննական մարմին։

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ ԿԳՄՍ-ի ուղարկած հաղորդման հիման վրա դեռևս 2025 թ.-ի հուլիսի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեաական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն)։ Կատարվում է նախաքննություն։ Սակայն այս քրեական վարույթը որեւէ ձևով չի ազդել Մարատ Ղուկասյանի գործունեության վրա:

Հոդվածի հրապարակումից հետո նա սոցցանցերի իր էջերում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով «Հետք»-ի հոդվածին։ Նշել է, որ արդեն դիմել է դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու և ապացուցելու, որ այդ տեղեկությունները սուտ են ու ոչ լիարժեք:

«Մարդիկ անցնում են բոլոր տեսակի մարդկային ու բարոյական արժեքները, ինչը ոչ միայն դատապարտելի է, այլև վստահաբար անհետևանք չի մնա: Իհարկե, սխալներ եղել են, բայց դրանք առիթ չեն տվել ամեն ինչ ներկայացնել ի օգուտ իրենցից ոչինչ չներկայացնող անձանց: Մենք հավատում ենք օրենքին և իրավական ճանապարհով ենք լուծելու այս հարցը։ Բայց մենք չենք սահմանափակվում միայն պաշտպանական քայլերով։ Այս ընթացքում ArFI հիմնադրամը շարունակում և շարունակելու է իր կրթական, մշակութային և համայնքային ծրագրերը»,- իր հրապարակման մեջ նշել է Մարատ Ղուկասյանը։

«Հետքը» կապվեց Մարատ Ղուկասյանի հետ՝ պարզելու՝ արդյոք գիտի, որ իր նկատմամբ քրեական վարույթը հարուցվել: Նա տեղյակ չէր քրեական վարույթի մասին: Մեզ նորից մեղադրեց իր հասցեին սուտ տեղեկություններ հրապարակելու մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее