Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողեց դատախազի որոշումը: Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10-օրյա ժամկետում: Այս մասին հայտնում է ՀՀ Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:
Հիշեցնենք, Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է, բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։


