▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջերկրական ծովում Թուրքիայի և Կիպրոսի միջև լարված դրություն է ստեղծվել

Թուրքիայի և Կիպրոսի միջև լարված իրավիճակ է ստեղծվել Միջերկրական ծովում առկա բնական գազի պաշարների շուրջ: Ըստ Թուրքական «Milliyet» լրատվամիջովի փոխանցմամբ՝ Թուրքիան սեյսմիկ հետազոտությունների նպատակով նավ է ուղարկել Կիպրոսի ափամերձ շրջաններ, որտեղ կիպրական «Saipem 10 000» նավը իրականացնում է բնական գազի հորատման աշխատանքներ: Դրա վերաբերյալ Կիպրոսի կառավարության խոսնակ Թուրքիային զգուշացրել է. «Մենք վճռական ենք տրամադրված, որ առաջիկայում տարածաշրջանում դառնալու ենք էներգակիր մատակարարող երկիր և այդ նպատակին հասնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը իրականացվելու են»:

Տեղեկացնենք, որ Կիպրոսի ափերում գտնվող պաշարներից չափաբաժին է ցանկանում ստանալ նաև այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը: Աղբյուրը նշում է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում կա 3 խոշոր բնական գազի պաշարների հանքավայրեր՝ Լավիաֆան, (Կիպրոսի մոտ), Իսրայելի և Լիբանանի միջև գտնվող Թամար-Դալիթ հանքավայրը և Գազայի ջրերի մոտ գտնվող Մարի Ֆիելդ հանքավայրը:

Հիշեցնենք, որ Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան մասում նավթի և բնական գազի պաշարներով հարուստ հանքավայրերի վերաբերյալ հարևան երկրների հետ պայմանագրեր է ստորագրել, որով կիպրական կողմը կիսվում էր այդ պաշարներով այլ երկրների հետ: Նման պայմանագիր 2003թ. ստորագրվել է Եգիպտոսի, 2007-ին՝ Լիբանանի, իսկ 2010-ին՝ Իսրայելի հետ: Թուրքիան վերոնշյալ պայմանագրերը չի ճանաչում:

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее