Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Պատմական օրինաչափություն է, որ Մեծ Մերձավոր Արևելքում միշտ պետք է լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության, պատերազմի մթնոլորտ լինի: Հավանաբար հնարավոր չի այլ կերպ: Մենք, որպես այդ մեծ տարածաշրջանի փոքր հյուսիսային պետություն, տարիներ շարունակ նույնպես գտնվում ենք լարվածության ու պատերազմի մեջ: Այս ընթաքում մեր պետական կառավարման պարադիգմը, որ տեղավորվել է «անվտանգության» գերակա պահանջմունքի բավարարման շրջանակում, արձանագրել է մի իրողություն. մենք մոտ 25 տարի գտնվում ենք «զարգացող երկիր» ձևակերպման ներքո՝ երբեմն մի փոքր բարելավելով, երբեմն էլ հետընթաց արձանագրելով այդ միջակայքում: Դրա համար կան օբյեկտիվ, ինչպես նաև շատ սուբյեկտիվ պատճառներ, որոնց, սակայն, ես չեմ անդրադառնա:
Այսօր, հաշվի առնելով ռեգիոնում առկա սպառնալիքների քանակը ու դրանց տեսակները, մենք վերոնշյալ պարադիգմից շեղվելու իրավունք դեռևս չունենք: Մենք դա շատ լավ գիտակցում ենք: Եթե սթափ նայենք ձևավորված իրավիճակին, տեսանելի կլինի, որ մեր պարագայում պետության օպերատիվ անվտանգության ապահովումը վերածվել է ռազմավարական գծի: Այսինքն 25 տարի ամեն օր, ամեն ժամ մենք ապահովում ենք մեր անվտանգությունը ակտիվ սպառնալիքներից ու վտանգներից: Այսինքն 25 տարի մենք ամեն օր «պատերազմի» մեջ ենք: Դա ծանր ու բարդ գործ է: Վստահ եմ աշխարհի շատ-շատ զարգացած երկրներ ունակ չեն անգամ դրա 50%-ը ապահովել:
Կարևորելով անվտանգության ապահովման դոմինանտությունը՝ մենք իրականում ունենք նույնքան կարևոր ու խորքային քաղաքակրթական խնդիր ևս՝ հասկանալ, թե «ու՞ր ենք գնում»: Հարցադրումը, իհարկե, ավելի շուտ փիլիսոփական, մշակութաբանական և միգուցե նաև հռետորական է, սակայն այս հարցի պատասխանը առանցքային է ցանկացած ազգի ու պետության գոյության, զարգացման հեռանկարի համար: Վերացարկվելով «աստվածընտրյալ» ու «գլոբալ առաքելություն ունեցող» փոքր ազգերին բնորոշ ընկալումից՝ մենք մինչ օրս մեզ համար չենք պարզել այս հանգամանքը:
Անդրադառնալով «ու՞ր ենք գնում» հայեցակարգային հարցադրմանը՝ չենք կարող չհիշատակել «կողմնորոշման» շատ վիճելի ու նաև չարչրկված մոտեցումը: Բնականաբար վերացարկվելով «արևմտամետության» կամ «ռուսամետության»՝ որպես «լավ»-ի ու «վատ»-ի միջև ընտրություն կատարելու պարզունակ դիտարկումներից՝ մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ մեր անվտանգության օրակարգը ապահովվում է ՌԴ-ի հետ համագործակցությամբ, իսկ մեր տնտեսական հեռանկարի ու աշխարհընկալման օրակարգի մի շարք կարևոր օղակներ համադրելի են եվրոպականի հետ: Անդամակցելով ԵՏՄ-ի նման դեռևս անհասկանալի կառույցին, լինելով ՀԱՊԿ անդամ, լինելով ՆԱՏՕ-ի գործընկեր ու ԵԽԽՎ-ի անդամ երկիր, ինչպես նաև սերտ հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ՝ մենք իրականում մի տեսակ անորոշության մեջ ենք:
Մենք փորձում ենք քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից «լինել բոլորի հետ»: Սակայն մեր ներքին ընտրության՝ ներքին ինքնանույնացման տեսանկյունից մենք, կարծես, որևէ մեկի հետ այնուամենայնիվ չենք:
Փաստ է, որ երևի արդեն տարիներ, եթե ոչ դարեր շարունակ հատկապես հասարակական մակարդակում մենք «ռուսամետ» ենք: Իհարկե դրա համար եղել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, սակայն դա մեզանում երբեմն հիվանդագին ու վտանգավոր դրսևումներ է ունենցել և այսօր էլ շարունակում է ունենալ: Մենք «ռուսամետ» ենք սակայն բավական ըտրովի. ասենք կենցաղի ու մեր պատկերացրած բարոյագիտության տեսանակյունից մենք ավանդապաշտ ենք, իսկ մեր պետության շահերը պաշտպանելու տեսանկյունցի՝ ռուսամետ:
Չնայած վերջին տարիներին հանրային ընկալման որոշակի փոփոխություններին, Արևմուտքը՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը, մեզանում սովորաբար դիտվում է որպես բավական խորթ, օտար աշխարհ: Միաժամանակ սակայն փաստ է նաև այն, որ «Արևմուտքը» չընդունող շատ քաղաքացիներ մեծ ցանկությամբ կցանկանային այնտեղ ապրել, վայելել նրա «բարիքները»: Այսինքն արևմտյան բարեկեցության հեռանկարը մեզ համար ընդունելի է, սակայն մարդու ազատությունների/իրավունքների մասով մենք ունենք լուրջ վերապահումներ:Այսինքն մեր մոտեցումները շատ հարցերում շատ հատվածային են:
Արևմուտքի քաղաքական մշակույթի հիմքում մարդու ազատության գաղափարն է, մինչդեռ ռուսական քաղաքական մշակույթը դոմինանտ արժեք համարում է ռուսական պետությունը:
Վերոնշյալ երկու տարբերակներից բացի, կա նաև այսպես կոչված «երրորդ՝ սեփական ուղղու» գաղափարը, որը հանգում է պատմական անցյալի վերագնահատման միջոցով ապագայի տեսլականի կառուցմանը: Այս տարբերակը, չնայած իր մեջ առկա ռացիոնալիզմի հատիկներին, նույնպես ավելի շուտ անորոշության տիրույթում է և ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան տալիս դրանց պատասխանները:
Պետությունը, որը չգիտի, թե ուր է գնում դատապարտված է: Անգամ այսօրվա խառը պայմաններում, երբ անվտանգության մեր օրակարգը դոմինանտ է, մենք պետք է գիտակցենք, որ միայն սեփական անվտանգության ապահովմամբ մենք, այնուամենայնիվ, պարտվում ենք: Եթե զարգացման տեսլականը անորոշ է, եթե ներքին իրական բարեփոփոխումները մեր օրակարգի մաս դեռ չեն կազմում, եթե քաղաքական պատասխանատվությունը ֆիկցիա է ու չկա վերահսկելիության անհրաժեշտ մակարդակ, եթե մտավորականը դե ֆակտո ազատ/ազնիվ չէ, իսկ հոգևորականը՝ խիզախ, ապա մենք պետք է շարունակենք մեր ապագան կապել միայն մեր զինվորի հետ:
Իսկ դա ենթադրում է գոյատևման ռազմավարություն: