▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողի սխալ հարցն ու Աշոտյանի ոչ ճիշտ պատասխանը

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.«Ազատության» լրագրողի ոչ ճիշտ ձեւակերպած հարցը հանգեցրեց Արմեն Աշոտյանի ոչ ճիշտ պատասխանին: Սեյրան Օհանյանը օրեր առաջ ասել էր. «Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան՝ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա այս արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»: Աշոտյանն ասում է, թե Սեյրան Օհանյանը շանտաժ է անում, լսելով լրագրողի հարցը, թե Սեյրան Օհանյանը վստահ է, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, եթե այս իշխանությունները ընտրությունների միջոցով չհեռանան, ապա անխուսափելի են դառնալու արյունոտ հեղափոխությունները, հեղափոխական ցնցումները: Պարզ է, որ հարցը ճիշտ ձեւակերպում չի ստացել: Այսուհանդերձ, շեշտենք, որ Սեյրան Օհանյանի խոսքը ծնվել է բացառապես մտահոգությունից: Նա կարեւորում է խաղաղ, սահմանադրական ճանապարհով փոփոխությունների իրականացումը: Որպես վտանգ Օհանյանը նշում է հնարավոր արյունալի ցնցումների մասին: Ինչի՞ վրա եք զարմանում: Չե՞ք տեսել նման վտանգ ընդամենը կես տարի առաջ: Մի՞թե ՊՊԾ-ի միջադեպը, որ կաթվածահար էր արել ամբողջ երկիրը դա չէր հուշո՞ւմ: Հայաստանում առաջադեմ ուժերի, մարդկանց խնդիրն է փոփոխություններն իրականացնել բացառապես ընտրական գործընթացներով: Եթե ավելի խոր քննարկվի խնդիրը, ապա մարտի 1-ը իրականում ընտրական համակարգի չկայացվածության եւ ընտրությունների նկատմամբ հանրության ունեցած անվստահության հետեւանքն էր: Սեյրան Օհանյանը մի պարզ ճշմարտություն է ասում, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, ապա Հայաստանին կսպառնա կամ նոր «մարտի 1» կամ «ՊՊԾ գնդի» նոր գրավում: Օհանյանն իր ելույթում հատուկ ընդգծում է, որ դրանք կործանարար հետեւանք կունենա Հայաստանի համար: Ըստ էության այս թեզով ամեն ինչ ասված է: Իսկ թե ինչ է տեսնում այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանն իր խնդիրն է: Այո, Աշոտյանը ճիշտ է՝ Հայաստանն իրեն նոր «մարտի 1» չպետք է թույլ տա, բայց դրա համար ընդամենը պետք է փոփոխություններ իրականացնել, արատավոր համակարգը փոխել բացառապես ընտրությունների միջոցով, եւ ոչ թե կեղծել ընտրությունների արդյունքները, արատավոր ընտրական գործընթաց անցկացնել եւ հետ հայտարարել, թե չպետք է նոր «մարտի 1» թույլ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее