
Armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը՝ 22-ամյա Տիգրան Շահգալդյանին դանակահարելու մեջ կասկածվում է Երեւանի բնակիչ Մարտուն Բալյանը:
Նույն այդ տեղեկություններով, նա ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ խոստովանել, որ ինքն է հարվածել 22-ամյա Տիգրան Շահգալդյանին:
Նշենք, որ դանակահարված տղայի հայրը՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը մեր զրույցում ասել է, որ որդին այսօր եւս կանչվել է Նոր Նորքի բաժին հարցաքննության: Նշենք, որ այս դեպքով, ըստ ամենայնի, քրեական գործ չի հարուցվի, որովհետեւ տուժող կողմը չի պատրաստվում բողոք ներկայացնել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը: Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ոտքերի եւ նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դանակահարության մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Տեղեկությունը, սակայն հերքեցին թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Կովալենկո Շահգալդյանը՝ այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


