Մհեր Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՆԿԵՐԻՆ — ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սիրելի՛ քաղաքացիներ,
Վերջին օրերին մի շարք բանկեր հանդես են եկել քաղաքացիներին աջակցելու հայտարարություններով, մասնավորապես՝ վարկերի սառեցման, տոկոսների զրոյացման և բանկային հաշիվներից գողացված գումարների վերականգնման վերաբերյալ։
Այս գործընթացում Armeconombank-ը (AEB) ևս հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցել նման ծրագրի, սակայն մինչ օրս բանկի կողմից չի հրապարակվել հստակ և իրավական հիմնավորված հայտարարություն։ Մինչդեռ արդյունավետ մասնակցությունն այս գործընթացին ենթադրում է իրավաչափ և թափանցիկ գործելաոճ։
Բանկի առաջարկած՝ անտոկոս փոխառության պայմանագրերը, որով իբր թե վերականգնվում են քաղաքացիների հաշիվներից գողացված գումարները, պետք է բավարարեն մի շարք արդար և իրավական չափանիշների։
Մենք հստակ պահանջում ենք, որ այդ պայմանագրերում լինեն հետևյալ կետերը․
Եթե հետաքննության կամ քրեական վարույթի արդյունքում պարզվում է, որ տվյալ քաղաքացու մեղսակցությունը չի հաստատվում, ապա պայմանագրով ձևակերպված պարտավորությունը պետք է ավտոմատ չեղարկվի։
Եթե բանկի աշխատակցի թերի աշխատանքը կամ անգործությունը նպաստել է հանցագործության իրագործմանը (օրինակ՝
— կասկածելի գործարքները պատշաճ չի վերհանել,
— ուշ կամ ընդհանրապես չի արձագանքել հաճախորդի ահազանգերին,
— խախտել է ներքին վերահսկողության ընթացակարգերը,
— ցուցաբերել է անփութություն կամ անտարբերություն), ապա այդ պատասխանատվությունը չի կարող դրվել քաղաքացու ուսերին։
Ինչպես նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը իր վերջին ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին՝
«Եթե առկա է բանկի անբավարար կամ փնթի աշխատանքի հետևանքով ստեղծված իրավիճակ, ապա այդ վնասը չպետք է դրվի քաղաքացու վրա»։
Այս մոտեցումը պետք է արտացոլված լինի նաև առաջարկվող փոխառության պայմանագրերում, այլապես դա ոչ թե իրավունքի վերականգնում է, այլ իրավունքի խախտման ժամանակավոր հետաձգում։
Եթե փոխառության պայմանագիրը չունի իրավարար տարրեր և ուղղված չէ քաղաքացու իրավունքների փաստացի վերականգնմանը, ապա դա միայն բանկի պաշտպանիչ մանևր է, ոչ թե արդար լուծում։
ACBA Bank-ը, մինչդեռ, շարունակում է լռել՝ չներկայացնելով ո՛չ աջակցության հստակ հայտարարություն, ո՛չ մասնակցություն վարկային կամ ավանդային կորուստների փոխհատուցմանը։
Կոչ ենք անում․
AEB-ին՝ առաջարկվող պայմանագրերն իրականացնել իրավական և արդար հիմքերով
ACBA Bank-ին՝ դուրս գալ լռությունից և հանդես գալ կառուցողական, քաղաքացիների իրավունքների վերականգնման տրամաբանությամբ
Բոլոր բանկերին՝ դադարեցնել մանևրումները և վերադառնալ իրավունքի գերակայության դաշտ
Սա ընդամենը բարի կամքի ժեստ լինելուց պետք է վերածվի համակարգային պատասխանատվության։
Միացե՛ք մեզ, բարձրացրեք ձեր ձայնը։ Քաղաքացիների իրավունքները պետք է վերականգնվեն, այլ ոչ հետաձգվեն։