«Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում: Ընդդիմադիր առաջնորդն ավելի վաղ հայտնել էր, որ այս հանրահավաքը չափազանց կարեւոր է լինելու։
Ուղիղ միացումն Ազատություն ռադիոկայանի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ այսօրվա հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հերքել է այն տեղեկությունները,որ փողոցային պայքարն ավարտելու պայմանավորվածություն է ձեռք բերվել.
«Փողոցային ակցիաները շարունակելու ենք, իհարկե, այդ ակցիաները կլինեն իրավիճակին ադեկվատ, եթե ձեռք է բերվում քաղաքական պայմանավորվածություն, ապա փողոց փակելու նպատակն իրագործված է»:
Պատգամավորն իր թիմակիցների հետ փորձելու է վաղը հանդիպում կազմակերպել Հանրապետական խմբակցության ողջ կազմի հետ.
«Եթե քաղաքական ուժերը հավատարիմ մնան իրենց հրապարակային արված հայտարարություններին, ապա մայիսի մեկին վարչապետ կունենաք»:
Վարչապետ ընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր է ներկայացնելու.
«Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են, մենք ունենք մեր պատկերացումները, բայց քաղաքական դաշտում անհանգստություններ կան, որ եթե ուզում ենք հավասար պայմաններ ապահովել, պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը, մենք մտածում ենք, որ երկու ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան ընտրությունները, բայց այս թեման քննարկելի ենք համարում»:
Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունները ներառելու են նաև ռեյտինգային համակարգի վերացումը.
«Հայաստանում ավարտվել է այդ դարաշրջանը, երբ կառավարությունն իր սուբյեկտիվ ընկալումները պարտադրում են ուրիշներին, ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որ պետք է հավանության արժանանա բոլորի կողմից»:


