Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որում փաստաբաններին մեղադրել է սոցցանցերում որոշ դատավորների մասին հրապարակումներ, գրառումներ անելու, կարծիքներ հայտնելու համար. « ... Փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը...»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է ԲԴԽ-ի այս հայտարարությանը՝ այն որակելով անընդունելի։
«Եթե փաստաբանը, կամ քաղաքացի որևէ վիրավորանք թույլ չի տալիս, այդ որտե՞ղ է գրված, որ քննադատելու իրավունք չկա։ Դատական իշխանությունը չունի ժողովրդավարության որևէ դրսևորում, մենք՝ քաղաքացիներս, մեր անհամաձայնությունը ինչպե՞ս հայտնենք։ Ինչու՞ չենք կարող ասել, որ այսինչ որոշումը խայտառակություն է, հանցագործություն է։ Սա փաստաբաններին լռեցնելու, նրանց հետ հանդեպ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է՝ ոչ թե օրենքի արգելքներով, այլ բովանդակային առումով»,-ընդգծել է Մելիքյանը։


