Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանն արդեն 5-րդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի ու ջրադուլի մեջ: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնել է Ներսես Պողոսյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը, տեսակցության ժամանակ իր պաշտպանյալը ասել է իրեն, որ ավելի վաղ մեկամսյա հացադուլից իրեն այնքան վատ չի զգացել որքան այժմ՝ մի քանի օրվա ջրադուլից:
Ներսես Պողոսյանը հացադուլի ու ջրադուլի է դիմել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ի նշան բողոքի: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու մասին և մերժել պաշտպանական կողմի միջնորդությունները գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին:
Պաշտպանը նկատել է, որ դատարանը կանխակալ մոտեցում է ցուցաբերել՝ դեռևս խորհրդակցական սենյակ չհեռացած հայտարարելով իր պաշտպանյալին՝ եթե վատ եք զգում, պաշտպանը որոշումը կբերի քրեակատարողական հիմնարկ: Այսինքն՝ ի սկզբանե դատարանը գիտեր, որ Ն.Պողոսյանը կալանքի տակ է մնալու:


