Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:
Պարզվում է՝ Արթուր Իսպիրյանը արմատներով Կարսից է, նրա նախնիներն էլ 1915թ-ին կյանքի գնով են փրկվել եւ հայտնվել Արեւելյան Հայաստանում:
«Իմ ունեցած տեղեկությունները այնքան էլ շատ չեն, բայց մայրիկիցս լսել եմ, որ նրա տատն ու քույրը 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժամանակ հազիվ են փրկվել: Նրանք 8 եւ 14 տարեկան քույրեր են եղել, որոնց ծնողներին թուրքերը սպանել են, իսկ եղբայրն այդ ժամանակ կռվել է Անդրանիկ Օզանյանի ջոկատում: Ջարդի ժամանակ անտեր մնացած երկու քույրերը հարեւանի օգնությամբ կարողացել են փրկվել եւ Կարսից ոտքով հասնել Գյումրի, ուր ապրել են ամերիկյան մանկատանը»,- պատմեց Արթուր Իսպիրյանն ու շարունակեց.
«Նրանց պատմության ուրախալի դրվագն այն է, որ այդ քույրերի եղբայրը հետագայում գալիս է Գյումրի, գտնում քույրերին եւ միասին տեղափոխվում են Երեւան ու ապրում «3-րդ մասում» գտնվող տնակում, որտեղ էլ ամուսնանում են ու արմատներ գցում այստեղ: Մայրս ջարդերից փրկված այդ կնոջ ամենափոքր աղջիկն է՝ Ջուլիետան, ով էլ ինձ պատմել է այս պատմությունը»:
Արթուր Իսպիրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կնոջ արմատներն էլ են Արեւմտյան Հայաստանից.
«Կնոջս պապի հայրը մահացավ 110 տարեկանում: Նա Ցեղասպանության ականատեսն է եղել ու մենք մինչ այսօր պահպանում ենք նրա ձայնով ձայնագրությունը, որի ժամանակ պատմում է իր տեսած ողջ դաժանությունների մասին: Միայն պատկերացնելն էլ շատ սարսափելի է, որ մեր հայրենակիցների նկատմամաբ նման կերպ են վարվել»,- պատմեց երգիչը:
Արթուր Իսպիրյանը շեշտեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր ողջ ընտանիքով իրենց տնից ոտքով գնում են Ծիծեռնակաբերդ.
«Որդիներս տեղյակ են մեր պատմության մանրամասներին, բայց առանձնակի դաժանությունների մասին գերադասել ենք, որ ավելի ուշ իմանան, երբ մեծանան: Շատ կարեւոր է, որ նրանք նախեւառաջ լցվեն հայրենասիրությամբ, այլ ոչ թե ատելությամբ: Ամեն տարի մենք մեր ընտանիքով ոտքով գնում ենք Ծիծեռնակաբերդ, այս տարի կգնանք միայն ես ու տղաներս, քանի որ կինս ընդամենը օրեր առաջ է ոտքը վնասել եւ հիմա քայլել չի կարող: Ամեն դեպքում, կարեւոր չէ միայն ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերին, մենք պարտադիր կնոջս հետ ավելի ուշ էլ կայցելենք Եղեռնի զոհերի հուշահամալիր»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում