▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է սիգը հասնում Երևան, եթե արգելված է որսը

 

Թեեւ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճում որս իրականացնելը խստիվ արգելված է, սակայն սակայն հանրապետության փողոցները լեցուն են սիգի վաճառք իրականացնող անձանցով:

Այս առնչությամբ, դեկտեմբերի 22-ին Բնապահպանական եւ ընդերքի տեսչության աշխատակիցները, մի քանի լրագրողների եւ ոստիկաններին հետ միասին ստուգայց էին կատարում Երեւանի փողոցներով եւ առգրավում վաճառվող սիգ տեսակի ձկները, վաճառողները վրդովվում էին՝ ասելով, թե այս դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս է սիգը հասել Երեւան, ինչպե՞ս են արգելքի առկայությամբ ձկնորսները որս կատարում, հաղորդում է «Econews»-ը: 

Ի դեպ, վրդովվում էին ոչ միայն վաճառականները, այլեւ անցորդները կամ ապօրինի վաճառվող սիգի հնարավոր գնորդները, ովքեր ամոթանք էին տալիս օրենքի պահանջը կատարող անձանց եւ լրագրողներին:

Նշենք, որ քաղաքի տարբեր վայրերից այսօր առգրավվել է 74 հատ սիգ։ Առգրավված ձուկը սննդի անվտանգության ծառայության լաբորատորիայում ստուգում անցելուց հետո ուղարկվել է Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: 

Լրագրողները «Սեւան» ազգային պարկի երիտասարդ տնօրեն Վահե Գուլանյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է, որ ձկան որսն արգելված է, բայց Երեւանի փողոցներում շարունակում են սիգ վաճառել, նաեւ հիշատակել են, որ լուրեր են պտտվում, որ վերջինս ձկան ապխտման բիզնես ունի, նա պատասխանել է. «Լավ ասեցիք, լուրեր են պտտվում... լուրեր են: Նմանատիպ բան չկա միանշանակ, ես պայքարում եմ դրա դեմ, եւ բնականաբար դա չի կարող ինչ-որ կերպով ինձ հետ կապ ունենալ: Շատ լուրեր են պտտվում, շատ լուրեր կարող են պտտվել իմ մասին, ինձ ճանաչողները գիտեն՝ ես ինչ միջոցներով եւ ինչի եմ ընդունակ բնության համար պայքարելու»:

Նրա խոսքով, որսագողությունն իրենց մարզում շատ տարածված երեւույթ է. «Դա ազգաբնակչության հիմնական ապրուստի միջոցն է: Պատկերացրեք այստեղ մեր մարզի մեծ մասը զբաղեցնում է Սեւանա լիճը, չունենք գյուղատնտեսական հողեր եւ ընդհանրապես այս կլիմայական պայմաններում գյուղատնտեսության մասին խոսելն անիմաստ է: Հենց ձուկն է մարզի հիմնական եկամտի աղբյուրը եւ հիմնական հացը, այդ պատճառով երեւույթն այստեղ տարածված է եւ արմատավորվել է: Ձկնորսները ուղղակի մեր համայնքների բնակիչներն են, ինչ-որ հատուկ մարդիկ չեն»:

Գուլանյանը չհերքեց նաեւ, որ համայնքների բնակիչները երբեմն անգամ զինված են դուրս գալիս լիճ. «Դա նոր երեւույթ չէ, միշտ էլ եղել է, եղել են շատ լուրջ բախումներ եւ առճակատումներ, քանի որ խնդիրը կապված է մարդկանց հանապազօրյա ապրուստի հետ, երեխաներին կերակրելու հետ եւ սա ֆենոմեն չէ, ամբողջ աշխարհում ձկան պայքարը կապված է լուրջ բախումների հետ: Որ երկրում ուզում եք նայեք»: 

Նշենք, որ իրականում Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը հանդիսանում է պահպանող մարմնի գործունեությունը ստուգող մարմին: Այսինքն՝ այն, որ անգամ արգելքի պարագայում սիգ տեսակի ձուկը հայտնվում է վաճառքի կետերում, առաջին հերթին պահպանող մարմնի խնդիրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее