▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ծրագրվել Կարեն Վարդանյանի սպանությունը

1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում»՝ ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը ցանկացել է 42 հազար դոլարով վաճառել «չպարզված հանգամանքներում» նվիրատվություն ստացած բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ Զոհրաբյանը բնակարանի վաճառքի գումարից  19 հազար 500 դոլարը պետք է հանձներ Կարեն Վարդանյանին՝ ներքին պայմանավորվածության համաձայն:

Բնակարանի վաճառքի վերաբերյալ Գևորգ Զոհրաբյանը հայտարարություն է տեղադրել «List.am»-ում:

Շուտով բնակարանի գնորդ է հայտնվել: Նա գրավադրումից հանել է բնակարանը՝ բանկում վճարելով վարկային պարտավորությունների հետ կապված գումարները, բնակարանի արժեքի մնացած մասը գնորդը մաս-մաս հանձնել է Գևորգ Զոհրաբյանին ու պարտք է մնացել մոտ 7 հազար դոլար:

Ստացած գումարներից 19 հազար 500 դոլարը չցանկանալով հանձնել իրական բնակարանատեր Կարեն Վարդանյանին՝ Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր ծրագրի մասին հայտնել է 2016  թվականի հունվարից իր «Օպել» մեքենան օրավարձով որպես տաքսի վարող, գործով երկրորդ ամբաստանյալ Արթուր Միհրանյանին, ով գումարի կարիք է ունեցել, մասնավորապես՝ հորը պետք է վիրահատության տաներ...

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Զոհրաբյանը խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում Միհրանյանին տալ նրա հոր վիրահատության համար անհրաժեշտ, ինչպես նաև լրացուցիչ գումարներ:

Արթուր Միհրանյանը համաձայնության է եկել Գևորգ Զոհրաբյանի հետ:

Վերջինս Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, նույնիսկ Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս է պատվիրել՝ նպատակ ունենալով  Երևանից Թբիլիսի մեկնելու պատրվակով Կարեն Վարդանյանին Երևանից դուրս բերել ու ճանապարհին իրականացնել սպանության մտադրությունը:

Որպեսզի Կարեն Վարդանյանի մեկնումը ճշմարտանման երևա, Գևորգ Զոհրաբյանը իր պատվիրած երկու տոմսերից գնել է մեկ տոմսը:

Կարեն Վարդանյանին ասել է, թե իրենք Երևանից Թբիլիսի կմեկնեն իր «Օպելով», որը վարում է Արթուր Միհրանյանը:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հանդիպել ու վերցրել են Կարեն Վարդանյանին՝ նրան մոլորեցնելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին: Վերջինս նստել է մեքենայի հետևի նստատեղին:

Ճամփա են ընկել դեպի Սևան:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը, իրոք, խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ... Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում ու ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ գրել, իբր՝ Դուբայում է՝ կատարված հանցագործության հետքերը թաքցնելու մտադրությամբ:

Այսպիսով՝ Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը հայտարարեց, թե իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում. «Ես շահադիտական դրդումներ ունենալ չէի կարող, բնակարանը իմն էր, այն նվեր էի ստացել իմ ծննդյան օրը»:

Ամբաստանյալ Արթուր Միհրանյանը հայտարարեց, թե առևանգում չի եղել, որևէ մեկի հետ նախնական համաձայնություն չի եղել, բայց ինքը՝ մենակ է սպանել Կարեն Վարդանյանին, ու սպանության համար, այն էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, որով նաև ցմահ ազատազրկում է նախատեսվում, Միհրանյանն իրեն մեղավոր ճանաչեց:

Արթուր Միհրանյանը, ով, ի տարբերություն Գևորգ Զոհրաբյանի, բավական ազդված էր Կարեն Վարդանյանի ստացած բազմաթիվ ու ահավոր վնասվածքների՝ մեղադրողի թվարկումից, գողության մեղադրանքի՝ զոհի հագուստի գրպանից 40 հազար դրամը հափշտակելու դրվագով ասաց, թե ինքը դա նույնիսկ չի հիշում...

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее