«Տոլմա»-ի, «Խորոված»-ի փառատոնների, «Հացը լեռներում» տոնածիսական միջոցառման, Նավասարդի տոնակատարության, Ղափամայի շուրջ նախաձեռնությունների գլխավոր կազմակերպիչ, հայ ավանդական կերակրատեսակների վերհանման ու մասսայականացման գործում մեծ դերակատարում ունեցող «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ն դարձավ 10 տարեկան և իր ծնունդը նշեց՝ հայկական ավանդական ղափամայի շուրջ հավաքելով հավատարիմ ընկերներին:
Ղափաման առավել հաճախ պատրաստվում է Ամանորին և Զատիկին: Լցոնում են բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով: Վերցնում եք միջին չափի դդում, գլխիկը կլորավուն կտրում, հեռացնում եք միջուկն ու սերմերը, դրանք մանր կտրատում եք, ավելացնում եք խաշած բրինձ, չամիչ, մանր կտրատած խնձոր, սալոր կամ սալորաչիր, շաքարավազ կամ մեղր, մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ, աղ դարչին և լավ խառնում եք։ Այնուհետև դդումի պատերին ներսի կողմից յուղ եք քսում ու լցոնում, փակում և եփում ջեռոցում։
«Դդումը երկրագունդն է, բրինձը՝ մարդկությունը, չրերը տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են, իսկ իմաստն այն է, որ պատրաստելով այս կերակուրը՝ մեր նախնիները ցանկացել են խաղաղություն մաղթել աշխարհին»,-մանրամասնեց ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ինչ վերաբերում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ին՝ նշեց.
«Ստեղծման օրվանից ՀԿ-ն արդեն իսկ ուներ նպատակ՝ ազգային խոհանոցի վերականգնում, տարածում և ամրագրում: Այս տարիների ընթացքում բանահավաքչություն է կազմակերպվել ՀՀ տարբեր մարզերում, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի հայկական համայնքներում, բացահայտվել է հայկական Բագրատունյաց Անիի կերակուրները, Կիլիկիայի խոհանոցի ուսումնասիրության ոլորտում աշխատանքներ են տարվել Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում՝ ձեռագիր հիշատակարաններից և Լիբանանի Այնճար համայնքում, որտեղ բնակչության մեծամասնությունը Կիլիկիայի Մուսալեռի յոթ գյուղերի բնակիչներն են: Մեր դեսպանատների հետ համագործակցության արդյունքում այս ամենը ներկայացվում է նաև արտերկրում»,-ասաց ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Միջոցառմանը ներկա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն անգամ հարց բարձրացրեց.
«Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ մեր խոհանոցային արվեստի հետ, եթե չլիներ այս հասարակական կազմակերպությունը: Շատ մեծ գործ են անում, իմ խոնարհումը»,-նշեց Աղվան Հովսեփյան: Նրա հետ համամիտ էր նաև Սերգո Երիցյանը, ով բոլորին կոչ արեց հայացքները հառել դեպի հայկական խոհարարական արվեստը:
Համեղ ղափամայի համտեսն ուղեկցվեց ազգային երգ-երաժշտությամբ, պարով: Ընթացքում հանձնվեցին նաև շնորհակալագրեր:
Անի Կարապետյան


