Ազգությամբ բաշկիր, ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» վերնագրով գիրք-ալբոմը, որը միայն ռուսերեն տարբերակով էր, արդեն հայերեն է թարգմանվել: Գիրքը նվիրված է Արցախի հոգևոր գանձերին` եկեղեցիներին, ամրոցներին:
Նախագծի կազմակերպիչ Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ՝ գիրք-ալբոմի գաղափարը ծնվել է 2006 թվականին: 2012թվականին լույս է տեսնում գրքի առաջին հրատարակությունը ռուսերենով, իսկ 2013 թվականին՝ երկրորդը: Տպագրությանն աջակցել է ռուսաստանցի գործարար: Հայերեն տարբերակի հրատարակմանն էլ մասնակիորեն օգնել է «Յունիբանկը»:
ՀՀ Սփյուռքի նախարարությունից էլ ցանկություն են հայտնել, որ գիրքը հայերեն թարգմանվի, նույնիսկ խոստացել են գումարի մի մասը տրամադրել:
«Այժմ նամակ եմ պատրաստել՝ ուղղված Կարեն Կարապետյանին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրեն Սարգսյանը:
Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի փոխանցմամբ էլ՝ hայերեն և ռուսերեն գրքերը տարբերվում են: Իրականը հայկականն է՝ դիզայնով, մտածելակերպով: Ռուսաստանում շատ բան կրճատվել է:
«Գրքի ռուսերեն տարբերակը որ տեսան՝ ասացին հայերենն է անհրաժեշտ: Հիմա խնդիրն այն է, որ նախարարությունների պահանջով հայերեն տարբերակն էլ հրատարակեցինք՝ հույս ունենալով, որ կգնեն, սակայն այդպես չեղավ: Գիրքը մնաց մեր ձեռքում: Այժմ էլ օտարները անգլերեն տարբերակն են ցանկանում, վախենում ենք, որ հայերեն տարբերակի բախտին արժանանա ու նույն պատմությունը կրկնվի»,-նկատեց լուսանկարիչը:
Նրա խոսքով՝ նկարել են այնպիսի կառույցներ, որոնց մասին նախկինում չեն իմացել:
Նշենք, որ գրքի 300 օրինակ վերցրել են միայն Մշակույթի, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարությունները: Որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել նույնիսկ ԱԳՆ-ն: Գրախանութներում վաճառվում է 15.000 դրամով:
Անի Կարապետյան


